Քաղաքական

22.09.2023 22:50


Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարևորագույն նախապայման է ՀՀ իշխանության փոփոխությունը՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակի բեմահարթակից։

«Դրսում կա միջազգային կոնսենսուս այն առումով, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի համար է դուրս մղված։ Աշխարհն ուզում է հասկանալ՝ արդյո՞ք հայ ժողովուրդը կարողանալու է սեփական ջանքերով փոխել իրավիճակը և չցեղասպանվել 21-րդ դարում։ Մեզանից է կախված, թե ինչպիսի ճակատագրի մենք կարժանանանք»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա նշեց, որ ժամանակի ընթացքում գործարար աշխարհի հազարավոր ընկերություններ են միանալու շարժմանը, բայց այս գործի «պիոներների» անունները կարդաց՝ քաջալերելու համար, որպեսզի օրինակ ծառայեն մյուներին․ «Անռիվատուր», «Հայաթ» ռեստորան, «Նարեկածին» արծաթյա զարդերի խանութ, «Ամիրյան 8» խանութ, «Յանկի փաբ» և այլն։

Անդրանիկ Թևանյանը նկատեց, որ թեև երեկ հայտարարել էր, որ ով չբռնվի՝ չեմպիոն է, որ կարողանա ավելի արդյունավետ աշխատել, իրեն այսօր բերման ենթարկեցին և չեմպիոն չդարձավ, ցավոք։

«Բայց մի կարևոր բան հայտնաբերեցի․ որոշ ոստիկանների մոտ տեսնում ենք այդ ենիչերական, այդ վայրենի, գազանաբարո մոտեցումը։ Բայց բացի այն, որ նրանք ամոթի են արժանի, արժանի են լուրջ իրավական հետապնդման, ես ինձ համար պարզեցի, որ ոստիկանական համակարգում այդ տիպը քիչ է․ այնտեղ ծառայում են յուրօինակ ձևով գերի ընկած մարդիկ, որոնք երբ ինձ բերման էին ենթարկել, ասում էին՝ ցավներրդ տանեմ, սրանցից ե՞րբ ենք պրծնելու»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա փաստեց, որ շարժումն ընտրել է անցնցում, հանրության մեծ զանգվածների ներգրավմամբ փոփոխությունների իրականցման ճանապարհը։

«Եթե կարգապահ գնանք այդ ճանապարհով՝ որևէ կասկած չունենաք մեր հաջողելու մասով․ արդյունքը Նիկոլ Փաշինյանին վռնդելով Արցախն ու Հայաստանը փրկելն է։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և առանձին անհատներից չպահանջենք հերոսություն, հերոսությունը ժողովուրդը պետք է անի ու ստիպի, որ ուժային կառույցներն անցնեն ժողովրդի կողմը։ Մենք մեր գործողություններով դա ստիպելու ենք անել։

Նա թվարկեց նաև դասադուլին միացած ուսումնական հաստատությունների անունները։

Անդրանիկ Թևանյանը հայտարարեց առաջիկա անելիքը․ վաղը շարունակվում են ակցիաները՝ ավելի կազմակերպված ցանցային տարբերակով։

1․ Կան ինքնակազմակերպված խմբեր, որոնք կարողանում են ցանցային տարբերակով պայքար մղել․ վաղը պետք է մեզ ավելացնենք այդ խմբերին, որ միաժամանակյա հնչող կոչով՝ իրար հետ կապվելով կարողանանք գործողություններ իրականացնել։

2․ Բոլոր այն խմբերը, որոնք արդեն կազմակերպված են՝ քաղաքի տարբեր տեղերում իրականացնում են հավաքներ և քարոզչություն մեր այն քաղաքացիների համար, ովքեր մինչև վերջ չեն խորացել այս իրավիճակի մեջ։

3․ Երթեր, փողոց փակելու և այդ տիպի ակցիաներ փողոցներում, պուրակներում, քաղաքի այլ հատվածներում։

4․ Կոմիտեն էլ կազմակերպչական և կառուցվածքային ընդլայնման աշխատանքներ պետք է իրականացնի։

Կիրակի օրը ժամը 18։00-ին հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և կնշենք հետագա քայլերը՝ ասաց Անդրանիկ Թևանյանը։

Հավաքից անմիջապես հետո ակցիայի մասնակիցները 4 ուղղությամբ իրականացրին փողոցներ փակելու բողոքի գործողությունները։

Այս խորագրի վերջին նյութերը