Քաղաքական

25.09.2023 08:59


Ուշագրավ մանրամասներ՝ Լևոն Քոչարյանի կալանքը քննող դատավորից

Ուշագրավ մանրամասներ՝ Լևոն Քոչարյանի կալանքը քննող դատավորից

NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Լևոն Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննող Մասիս Մելքոնյանի կենսագրությունից, որն ընդամենը 4 ամիս է, ինչ դատավոր է աշխատում։

Պարզվում է, որ մինչև դատավոր դառնալը, Մասիս Մելքոնյանը հանդիսացել է ՌԴ քաղաքացի և բնակվել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում: Այնտեղ նա ներգրավված է եղել տարբեր բիզնեսներում:

Մասնավորապես, համասեփականատեր է ճանապարհաշինական բիզնեսում։ Ինչպես նաև նրան են պատկանում ՌԴ-ում տարբեր ռեստորանային համալիրներ, որոնցից մեկը՝ «Ջերմուկ» անվանումով: Մասիս Մելքոնյանի որոշ մերձավոր բարեկամներ, ըստ մեզ հասած տեղեկությունների, այժմ էլ բնակվում են ՌԴ-ում։

Մասիս Մելքոնյանի կենսագրությունում գրված է, որ 2010-2018 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն նշված չէ, թե կոնկրետ ինչ տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նա Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո։

Շարունակո՞ւմ է Հայաստանում դատավոր աշխատող Մասիս Մելքոնյանը լինել ՌԴ քաղաքացի, կփորձենք պարզել։ Կփորձենք նաև պարզել, թե արդյո՞ք նա շարունակում է դատավորի աշխատանքին զուգահեռ զբաղվել ձեռներեցությամբ։

Հիշեցնենք, որ մամուլն արդեն գրել է, որ Մասիս Մելքոնյանը հանդիսացել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ և մասնակցել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո։ Ուշագրավ է, որ չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։

Հիշեցնենք նաև, որ Մասիս Մելքոնյանը ոչ թե նշանակվել է դատավոր, այլ այդ պաշտոնը ստանձնել է իրավունքի ուժով։ Մամուլը գրել էր, որ չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությանը, ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։

Հիշեցնենք նաև, որ, համաձայն մամուլի, Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները:

Այս խորագրի վերջին նյութերը