Քաղաքական

11.01.2024 18:04


«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն

«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն

Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ «Հետք»-ը պարզել է գործարքի մանրամասները։

«Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունը ստեղծվել է 1935 թ.-ին որպես միութենական կամավոր մարզական միավորում։ Արդեն 1987 թ.-ին կազմակերպությունն ընդգրկել է Խորհրդային Միության 4 մարզական միավոր։

Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։

Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է «Սպարտակ» մարզական միության ամբողջ գույքը՝ Հայաստանում գտնվող մարզադաշտերը, մարզասրահներ և մարզադպրոցներ։ Դրանց մի մասը հետագայում առանց շահույթ ստանալու նպատակի փոխանցվել է համայնքներին։ Օրինակ՝ Աբովյանի և Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։ Եղել է նաև օտարում։ Վաճառվել է Երևանում գտնվող հեծանվավազքի դպրոց-համալիրը, որի տեղում 2015 թ.-ին վեր է խոյացել «Հիլթն» հյուրանոցը։

«Հայաստան» մարզական միության երկարամյա նախագահ Ռազմիկ Ստեփանյանին 2019 թ.-ին փոխարինեց ՀԿ-ի ենթակա կառույցներից մեկը ղեկավարած Սոկրատ Պետրոսյանը։ Կազմակերպության նախագահ դառնալուց ընդամենը 2 տարի անց նա ստորագրեց «Սպարտակ» մարզահամալիրը վաճառելու պայմանագիրը։ Մինչ այդ կազմակերպության ղեկավար մարմնի՝ 21 հոգուց բաղկացած նախագահության կազմն է փոխվում, և նախագահությանն իրավունք է վերապահվում ՀԿ-ի գույքը գրավ դնել։ ՀԿ-ի նախագահության կազմում է հայտնվում Սոկրատ Պետրոսյանի ծանոթ, «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արսեն Հովհաննիսյանը, որն էլ արտոնյալ պայմաններով ձեռք է բերում համալիրը։

«Հայաստան» մարզական ՀԿ-ի 2021 թ.-ի հուլիսի 14-ի արտահերթ ընդհանուր ժողովից մեկ ամիս անց կազմակերպության նախագահության կազմում հաստատված գործարար Արսեն Հովհաննիսյանը «Էվոկաբանկից» 1 միլիոն դոլար վարկ է վերցնում։ Որպես երաշխիք գրավադրվում է «Սպարտակ» մարզահամալիրը։ Համալիրը «Հայաստան» մարզական ՀԿ-ն սեփականաշնորհել է պայմանով՝ վաճառելու դեպքում Երևան համայնքին պետք է վճարեր սեփականաշնորհման պահի կադաստրային արժեքը՝ 500 միլիոն դրամ։ Մարզահամալիրի գրավադրումից հետո համայնքային բյուջե է վճարվում 500 միլիոն դրամը։

2023 թ.-ի սեպտեմբերի 4-ին ստորագրվում է մարզադաշտը և մարզադահլիճները վաճառելու պայմանագիրը։ Գնորդը «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր Արսեն Հովհաննիսյանի որդու՝ Սերգեյ Հովհաննիսյանի հիմնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն է։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գումարը ՀԿ-ին պետք է վճարվի մինչև 2028 թ.-ը՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։

Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

Երևանի Ագանթանգեղոս 6 հասցեում գտնվող Սպարտակ մարզահամալիրը զբաղեցնում է 2 հեկտար հողամաս։ Մարզադաշտից բացի, անշարժ գույքի կազմում է ներառված 10 հազար 844 քմ մակերես ունեցող մարզադահլիճը, 836 քմ մակերես զբաղեցնող վարչական շենքն ու եւս մեկ մարզադահլիճ, ծանրամարտի և բռնցքամարտի մարզադահլիճը՝ 539 քմ, սուսերամարտի դահլիճը՝ 275 քմ, եւս մեկ վարչական շենք՝ 1701 քմ, թեթև ատլետիկայի մանեժը՝ 1509 քմ և այլ շինություններ։

«Էկո պետրոլ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկը հիմնադրումից հետո ընդլայնվել է։ ՍՊԸ-ն այժմ 4 բաժնետեր ունի։ Նրանք են՝ Արսեն Հարությունյանի որդին՝ Սերգեյ Հարությունյանը, Լևոն Բաբոյանը, Արամ Գևորգյանը և Ալբերտ Երիցյանը։ Վերջին բաժնետերը տարիներ առաջ ողջ ունեցվածքը կորցրած գործարար, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի թոռն է՝ գործարարի որդիներից Ռոբերտ Երիցյանի որդին։

2010 թ.-ից մինչ օրս 4 միլիարդ դրամ է հատկացվել ՀԿ-ին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տվյալների համաձայն` ամեն տարի արտադպրոցական դաստիարակության ծրագրով ֆինանսական հատկացումներ են արվել «Հայաստան» մարզական ՀԿ-ին։ 2010-2023 թթ.-ին պետական բյուջեից 4 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել մարզական կազամակերպությանը։

Երևանի քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ հեծանվահրապարակի պահպանման և շահագործման նպատակով մայրաքաղաքի բյուջեից 2017-2021 թթ. 221 միլիոն դրամ է հատկացվել «Հայաստան» մարզական ՀԿ-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը