Քաղաքական

27.03.2024 09:34


Իշխանությունը որոշել է վերացնել Նկարիչների և Գրողների միությունների շենքերը

Իշխանությունը որոշել է վերացնել Նկարիչների և Գրողների միությունների շենքերը

Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է «հարյուր տարվա մեռելները ջրի երես հանի», այս դեպքում` պետականացնի Գրողների միության շենքը։ Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ նախագահության հրատապ նիստ էր հրավիրել, որ գրողների հետ քննարկի իրենց անելիքը։ Մենք ՀԳՄ հասանք` երբ արդեն ավարտվել էր նիստը, Միլիտոնյանը «Հրապարակ»-ին ասաց՝ գրողները մտահոգված են, որ վաղը մյուս օրը պետականանցված շենքը կդնեն վաճառքի։

Պարզվում է, ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ որպես անվավերության հետեւանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունը դատարանում փորձելու է պնդել, որ Կադաստրի կոմիտեի նախորդ ղեկավարներն անօրինական եղանակով են Գրողների միության շենքն օտարել։

Այդպիսի մի ծանուցում էլ ստացել է ՀՀ նկարիչների միությունը։

Միլիտոնյանի խոսքով՝ շատերը դեռ կստանան մասնավորեցման խնդրի վերաբերյալ դատախազությունից նման գրություններ, դատախազությունը կփորձի վիճահարույց կետեր գտնել նաեւ այլ միություններում եւ նրանց պատկանող շինություններում։

Միլիտոնյանը շեշտում է՝ այն վայրում, որտեղ հիմա ինքը նստած է՝ էն գլխից է եղել Գրողների միության շենք։ Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանն էլ ժողովի ժամանակ պնդել՝ իր պապն էս շենքի կառուցման մեջ ամագ ունի, ներդրում է արել։

«Բացի այդ տարիներ առաջ շենքի մի մասն էլ ավելացավ լիտֆոնդի գումարների հաշվին, իսկ այդ գումարները հավաքվում են նաեւ մեր գրքերի վաճառքից․ 13 տոկոսը փոխանցում էինք լիտֆոնդին։ Ուստի այստեղ շինարարական ավելացումներ են եղել նաեւ մեր գումարներով։ Գրողները մտահոգված են՝ վաղը մյուս օրը պետականացված վիճակում շենքը կդնեն վաճառքի։ Ամեն մարդ իր մտահոգություններն ունի։ Էլի եմ ասում՝ այս շենքը պետական համարվել է, բայց գրողների ներդրումներն էլ են շատ եղել»,-հավելեց Միլիտոնյանը։

Գրող Խաչիկ Մանուկյանը, ով նույնպես մասնակցել էր գրողների հավաքին, ասում է՝ իշխանությունները պատմություններ են հորինել, որ այս շենքն էլ դնեն վաճառքի։ «Դատախազությունը փորձում է անգամ կոռուպցիոն հենք գտնել, որն, իհարկե, բացակայում է։ Այս շենքի կառուցման մեջ ոչ միայն պետության, այլեւ գրողների ներդրումն է եղել։ Այս շենքի իրական սեփականատերերը հենց գրողներն են, Միության անդամները»,-նկատեց նա։

Մանուկյանն ասում է՝ «քամիները փչում» են իշխանական վերին օղակներից, երկիրը ղեկավարում են մարդիկ, ովքեր պետության շահը չեն սպասարկում։ «Սրանց բոլոր քայլերն ուղղված են մեր արժեքների վերացմանը։ Գրողների միությունից բացի այլ միությունների էլ են դատախազությունից գրություն ուղարկել։ Ստացվում է, ոչ թե այդ իրավական հենքն է պատճառը, այլ նույն տեղից իջեցված հրահանգը։ Մարտահրավեր են նետել հայ ժողովրդին, մեր երկրին, մեր պետականությանը։ Բոլոր այն ազգադավ գոյանքները, որոնք դեմ են իմ ժողովրդի առաջընթացին, իմ պետությանը, պետականությանը, բոլորը փալասվելու են հայ ժողովրդի ոտքերի տակ, մենք դա տեսնելու ենք»,-ասաց Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը