Կարծիք

08.12.2011 13:00


Իրավապաշլյակներ

Իրավապաշլյակներ

Օրը բացվելու հետ բացում ես ինտերնետային կայքերը, բոլորովին ոչ լուր իմանալու համար, որովհետև վատ լուրը շուտ է տեղ հասնում, իսկ լավ լուրեր լրատվամիջոցներում չկան: Լավագույն դեպքում իրականության հետ աղերս չունեցող “լավ” լուրեր են: Կայքեր նայելը արդեն սովորություն է:

Դեկտեմբերի երեքին կայքերից մեկը հայտնում էր, որ այդ օրը Մովսես Գորգիսյանը կդառնար 50 տարեկան: Մովսեսը ծնվել է1961թ-ին:

Հաջորդ լուրը Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի մասին է: Բրյուսելում նոյեմբերի 17-18-ը ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակներում տեղի ունեցած սեմինար հանդիպմանը Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննադատել է Հայաստանը: Մասնավորապես, ՀՀ ՊՆ –ին մեղադրել է սպառազինության մրցավազքի մեջ Ադրբեջանի հետ և հայտարարել, որ Հայաստանը խախտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները:

Արթուր Սաքունցը ծնվել է 1961թ-ին: Մայիսին նա կդառնա 50 տարեկան:

Երկու լուրի միջև ընդհանուրն այսքանն էր:

Կանխելով հայրենակիցների “դավաճան” մեղադրանքը`հարցազրույցում Սաքունցն ասում է.  “ես պարզապես իրավապաշտպան եմ”:

“Դավաճանը” բոլոր ժամանակներում մեր ամենասիրած բառն է: Նախապես ուզում եմ ասել, որ ինքս երբեք այդ բառը որևէ մեկի հասցեին չեմ օգտագործում դպրոցական տարիքից հետո, հաշվի առնելով բառի պարզունակությունը:

Նաև, չափազանց ափսոսում եմ, որ բրյուսելյան հայտարարության  հարցում իմ և այլ  մի շարք մարդկանց տեսակետն առաջին հայացքից համընկնում է, որովհետևՍաքունցի հայտարարությունը քննադատողների մեծ մասը ակտիվ նպաստում են երկրի քաղցկեղային վիճակի լուսաքողարկմանը և իրենց այդ մեղսակից գործունեությունից հետո հայրենասերի ֆոնոգրամայով երեկոյան եթերը զբաղեցնում են քննադատելով դավաճանությունը:

Ինչևէ: Նպատակս իրոք մեկն է. հասկանալ ում իրավունքներն են պաշտպանում այն իրավապաշտպանները, որոնք արևմտյան ատյաններում հայտարարում են, թե Հայաստանը խախտել է պայմանագիրը և զինվում է…..

Իրենց մեկնաբանությամբ, մասնավորապես Արթուր Սաքունցի`սա արվում է պատերազմը կանխելու գերագույն և ազնիվ նպատակի համար:

Եթե Հայաստանում գտնվի մեկը, որ պատերազմ է ուզում, նա կհաշվառվի դիսպանսեր հսկողության: Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում:

Եթե գտնվի մեկը, որ երաշխավորի Ադրբեջանի ազնվությունը և ինչպես Սաքունցն է ասում “սպառազինության մրցավազքից” Ադրբեջանի հրաժարվելը` թերևս միանա նախորդ կոնտինգենտին կամ պարզապես թուլամիտ կոչվի:

Այսպիսով, մենք վստահ ենք, որ մեր հակառակորդը զինվում է, և այնուամենայնիվ, մենք հայտարարում ենք. խանգարեք Հայաստանին զինվել և պատժեք նրան, որ համարձակվում է զինվել, և արարքը դասակարգվում է “իրավապաշտպանություն”: Նորից հարցը մնաց անպատասխան. “ում իրավունքներն են պաշտպանում հայ իրավապաշտպանները”:

Հայաստանում կա պատերազմից ինքնապահովագրված մի մեծ  խավ, որը երբեք, երբևէ պատերազմ լինելու դեպքում չի մասնակցելու այդ պատերազմին, եթե նույնիսկ գործողությունները ծավալվեն իրենց մուտքի կոդավորած դռան մերձակայքում: Պատերազմը, սեփական երկիրը մատնացույց անելու գնով կանխելու փորձ անողները հենց այդ մարդիկ են: Ենթադրենք, նրանք իրոք մտահոգ են այն մյուսների համար, ովքեր չեն հանդուրժի հակառակորդի ոտնձգությունները: Անշուշտ, մեծահոգություն կա արարքի մեջ:                                                                                                                                                                                                                                                             Բայց եթե այդ պատերազմում իրենց երկիրը պաշտպանող պոտենցիալ հատվածին զրկում ենք զինված լինելու հնարավորությունից`ապա ինչով պահեն երկիրը,նաև` պատերազմին չմասնակցողների երկիրը:Թե՞ առաջարկում եք անզեն հանձնվել հանուն Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթների………….

Դրույթն, իհարկե կարևոր է: Բայց այդ դրույթները պոտենցիալ պատերազմական գոտիներում դեռ որևէ մահ չեն կանխարգելել: Ու երբ գորշ ուղղաթիռները մի օր հայտնվեն Վանաձորի երկնակամարում կամ Երևանի վրա, կամ Արցախի արդեն պատառոտած երկնքում`ուզես, թե չէ` գոյապայքար է պետք լինելու`դրույթը չի ապրեցնում:

Մեր իրավապաշտպանները մնացել են անգործ, որովհետև երկրում ոչ ոք որևէ իրավունք չունի, որ որևէ մեկն էլ պաշտպանի այդ իրավունքը, քանի որ իրավունքը սահմանադրության մեջ ամրգրված նախադասություն լինելուց առաջ`ինքնազգացողություն է: Մենք այն չունենք:

Գերակշիռ մասն օրը սկսում է  հանապազօրյա քծնանքով, մի քանիսը բրյուսելյան շրջագայություններում չլսվող, ցածր  ձայնով բացականչում են. “դրույթնե՜րըըըը”, մյուսները խեղդվում են անզորությունից, մեծ մասը թմբիրի մեջ է, իսկ թմբիրը կոչվում է “սոցիալական անապահովություն”: Իսկ երեկոյան այս ամենը հեռուստաէկրանից  ամփոփում է  աճուրդի հանված մի  աննշան կենսագրություն, որն իհարկե ունի ազգանուն և անուն: Փորձում են ջրի երես հանել մեկը մյուսի իրենց ձևակերպմամբ` դավաճանությունը: Ով ավելի շուտ և ով ավելի շատ:

Ո՞վ էր ճիշտ` Մովսես Գորգիսյա՞նը, որ պիտի դառնար 50 տարեկան, բայց որոշեց պահել Երասխավանը, թե իրավապաշտպաննե՞րը` որ պահում են դրութները: Մի բան պարզ է. Երասխավան պահելը վտանգավոր է առողջությանն ու կյանքին, իսկ դրույթ պահելը սպառնում է բրյուսելյան շրջագայությամբ ու սեփական անուն ազգանունը ԶԼՄ-ներին ինքնակամ հանձնելով: Ինչ փույթ, թե ինչ կասեն` կարևորը` կասեն….

Ով էր ճիշտ դասավորել իր կյանքը`Մովսես Գորգիսյանը, թե Հայաստան մեղադրող իրավապաշտպանները: Ամեն ոք կունենա իր պատասխանը: Բայց փաստը, որ քսան տարի արդեն բացակայելով մեր բոլորիս համատեղ երկրային կյանքից,  Գորգիսյանի անունը միայն հարգանք ու մեծ ափսոսանք է առաջացնում, իսկ մյուսներինը, թերևս կես օր ԶԼՄ-ներից բացակայելու դեպքում`մոռացվի…..

Դրույթապաշտ իրավապաշտպանները նույքան ազնիվ են, որքան արդար ընտրությունների գնացող հանրապետականը, երեկոյան  դրույթապաշտ իրավապաշտպանին “համարձակ” ոչնչացնող եթերային անուն ազգանունները, հայրենասեր պատգամավորը, որի  բիզնեսը հնարավորություն է տալիս արտաքուստ հայրենասեր մնալ:

Այս բազմաստվածության հասարակությունը, որի ամեն մի անդամն ունի իր կուռքը. մեկը երկրպագում է Սերժ սարգսյանին, մյուսը`արևմտյան դրույթները, երրորդը երկու նախորդ նախագահներից որևէ մեկին, չորրորդը`գրին քարտը, ուզում է համառորեն  վարկաբեկել մյուսին ու լուսաքողարկել սեփական  ողնաշարի թույլ հատվածը միաժամանակ, և յուրաքանչյուրի օրվա ռացիոնում սեփական “դիրքորոշման” ճշմարտացիությունն ապացուցելուն տրամադրվում է կոնկրետ ժամանակ:

Ում են պաշտպանում իրավապաշտպանները և ումից: Պաշտպանում են դրույթները: Պաշտպանում են հայրենակիցներից: Կարծես թե հակառակն ավելի տրամաբանական կլիներ:

Անկեղծ ասած` ես այս հարցի պատասխանը վաղուց ունեմ և այն  առանձնապես խորը վերլուծության արդյունք չէ, պարզապես հնարավորություն եմ ունեցել նրանցից ոմանց անձամբ ճանաչելու երկար տարիներ, շփվելու ընկերական միջավայրում, լսելու նրանց իրական խոսքը`ոչ բեմական ու ճանաչելուս արդյունքում հասակացել եմ, որ որևէ գաղափարական մոտիվ այս ամենը չունի, այլ կա անձնային խնդիր`օրիգինալ մի բան անելու հետևանքով առանձնանալու ուժեղ մղում: Իսկ թե ինչից է ծնվում այդ մղումը, ինձ այս պահին բոլորովին չի հետաքրքրում: Դա իրենց խնդիրն է: Ամեն գնով առանձնանալ, երևալ, հիշեցնել, որ իրենք այս ոչ շարքային, արտառոց քայլի հեղինակն են`դրա մեջ դնելով անպայման հերոսություն, ընդ որում` չհասկացված հերոսություն, քանի որ չհասկացվածը ավելի սուր է դարձնում զգացողությունը:

Մեր իրավապաշտպանությունը ոչնչով չի տարբերվում մեր երկրի տնտեսական աճից, հոգևորականության ժուժկալ կենսաձևից, կրթական համակարգում մեր “աննախադեպ առաջընթացից”: Իրավապաշտպանությունը աշխարհում կոչում է, մեզ մոտ`փեշակ: Ու փեշակ դառնալուց հետո անմիջապես իրավապաշտպանները դառնում են “իրավապաշլյակներ” ու չեն ունենում մի տարրական հարցի պատասխան` ումից և ում իրավունքներն են պաշտպանում…

Լուսինե Հովհաննիսյան

www.zham.am

Այս խորագրի վերջին նյութերը