Քաղաքական

27.05.2025 10:35


Երևանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին ազատ են արձակել․ «Հրապարակ»

Երևանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին ազատ են արձակել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մայիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքից ազատել է Երևանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին․ Արամ Գյուլզադյանին, Արսեն Կարոյանին, նաև քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներին՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանին և նրա տեղակալ Արամ Այվազյանին։ Ի դեպ, այս գործով անցնում է նաև հողի վերահսկողության վարչության պետի գործող տեղակալ Միքայել Ղիմոյանը, որի նկատմամբ Վերաքննիչ դատարանն ամիսներ առաջ էր տնային կալանք ընտրել։ Գյուլզադյանի պաշտպան Հայկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալի և Արսեն Կարոյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրվել վարչական հսկողությունը և գրավը՝ 10 միլիոն դրամի չափով, և բացակայելու արգելք, իսկ Ռոբերտ Դարբինյանի և Արամ Այվազյանի նկատմամբ՝ տնային կալանքը, Ղիմոյանի խափանման միջոցը մնացել է նույնը։ Մայիսի 21-ի նիստում քննվել է միայն խափանման միջոցի հարցը:

Եվ չնայած դատախազն առարկել է, բայց միջնորդությունը բավարարվել է։ Գործում 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը քաղաքապետարանի ներկա և նախկին աշխատակիցներն են, մեկն Արաբկիր վարչական շրջանի աշխատակից է, և մեկ քաղաքացի։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի, Գյուլզադյանն ավելի քան 500 հազար դրամի կաշառք է ստացել՝ ինչ-որ գործարք անելու համար։ Ի դեպ, Գյուլզադյանը, Տիգրան Ավինյանի որոշմամբ, 2020-ին պարգևատրվել էր Երևանի 2800-ամյակի հուշամեդալով: Նա նախկին ՀՀԿ-ական է, 2018-ին ՔՊ-ական է դարձել։ Այս գործից բացի, մի շարք վարույթներ կան` կապված Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք վարչական շրջանների, նաև՝ քաղաքապետարանի այլ վարչությունների հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը