Լրահոս

31.05.2025 23:34


Խրիմյան Հայրիկի այցին Ալեքսանդրապոլը սպասում էր անհամբեր

Խրիմյան Հայրիկի այցին Ալեքսանդրապոլը սպասում էր անհամբեր

1905թ-ին Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն այցելում է Ալեքսանդրապոլ։ Նրան դիմավորում են մեծ շուքով․ Հայրիկին հաջողվել էր ոչ միայն հետ վերցնել եկեղեցական կալվածքները, այլ նաև հայկական դպրոցները վերաբացելու թույլտվություն ստանալ։ Օրվա մամուլը մանրամասն ներկայացրել է Վեհափառի այցելությունը։ Ալեքսանդրապոլցիների ոգևորությանը չափ ու սահման չի եղել, որ Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսը այցելությամբ պատվել է իրենց քաղաքը։

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԸ ԱԼԷՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ-1905

Օգոստոսի 8-ին հեռագիրն աւետեց Վեհափառ Հայարապետի Տփխիսից դէպի Ալեքսանդրապոլ մեկնելու լուրը: Նոյն օրը երեկոյեան գնացքով դէպի Ղարաքիլիսա ընդառաջ գնացին տեղիս փոխանորդը, գաւառապետն և քաղաքագլուխը։ Ղարաքիլիսայում լսելով ծերունի Հայրապետի ժամանումը, խուռն բազմութիւն ժողովուած երակաթուղու կայարանում՝ թնդացնում էին օդը ուրախական բացականչութիւններով և ազգային երգերով, թէև որոշուած էր, որ Վեհափառը պիտի գիշերէր կայարանում իր սալօն վագոնում, սակայն զիջանելով ղարաքիլիսեցիների թախանձանքին, գնաց գիւղը և պատուեց Աբովեաններին իր շնորհաբեր մուտքով նրանց բնակարանը, ուր մնաց օգոստոսի 9-ի օն էլ։ Ղարաքիլիսայում, մինչ Վեհափառն այնտեղ էր. խանութները փակ էին, գիւղը զարդարուած էր դրոշակներով:

Ալեքսանդրապոլում ենթադրելով, որ օգոստոսի 9-ին նորին Վեհափառութիւնը մուտք կգործի քաղաք, բոլոր խանութները փակել էին, ոչ մի մշակ չէր գնացել աշխատանքի, այլ ամենքը խռնուած փողոցներում և յառանջորդարանի շուրջը, անհամբեր սպասում էին երկաթուղու գնացքին: Նոյն օրը .Էջմիածնից միաբանութեան կողմից Վեհափառ Հայրապետին դիմաւորելու էին գնացել Գրիգոր եպիսկոպոս Գառնակերեանցն և Սինոդի անդամ Մատթէոս վարդապետը:

Քաղաքը տոնական կերպարանք ուներ. ամեն տան ու խանութի վրա ծածանում էին դոշակներ, իսկ յառաջնորդարանի փողոց նայող պատշգամբը զարդարուած գոյնզգոյն լապտերներով. կանաչ գիլեանդներով՝ դրասանդներով և սիրուն ծաղկեպսակի մեջ ծերունի Հայրապետի պատկերն էր դրված, դիմացի տանիքների վրա արուեստական ծառաստան էին կանգնել։ Փոքը երեխաներն ու պատանիները անդադար վազվզում և աշխատում էին ըստ ամենայնի շքեղացնել տեսարանը։ Յատուկ մասնաժողովը, որ ընտրված էր երիտասարդներից ընդուննլութեան մասին հոգալու, ջանք չէր խնայել շքեղութեան մասին:

Սակայն այդ օրը քաղարագլխի հեռագիրը` յայտնեց, որ Վեհափառ Հայրապետը Ալեքսանդրապոլ կհասնի օգոստոս 11-ի ցերեկուաց գնացքով: Այս լուրը կայծակի արագութեամբ տարածուեց քաղաքի մէջ և ամենքը գնացին իրանց գործին՝ յաջորդ օրուայ թողնելով իրանց ուրախութեան արտայայտութիւնը:

Օգոստոս 10-ի առաւօտից հազարաւոր բազմութիւն լցրել էին փողոցներն ու երկաթուղու կայարանը։ Մարդ, կին, երեխայ ամենքը դուրս էին եկել դիմաւորելու հայոց Հայրիկին, իրանց ուրախութիւնն յայտնելու այն մեծ յաջողութեան համար, որ ոչ միայն եկեղեցական կալուածքները ետ ստացաւ, այլ շնորհիւ նրա՝ լայն բացվեցան փակ դպրոցների դռները, որին այնքան անձկանօք սպասում էր Ալեքսանդրապոլ բազմահայ քաղաքը։ Վեհափառ Հայրապետի գնացքն անցնող փողոցներում շարժուելու տեղ չկար: Հինգ տեղ կանգնեցրած էին յաղթական կամարներ։ Վեհափառի պատկերները պսակների մեջ կախված էին կամարների ճակատից. Եկեղեցական դասը շուրջառով, խաչով խաչվառով սպասում էր յաջորդարանի փողոցի ծայրին :

ժամը 11։40-ին գնացքը կանգ առաւ Ալէքսանդրասպոլի կայարանում, ուր ընդառաջ էին գնացել Ս. Էջմիածնի պատուիրակները, Կոմիտաս վարդապետը, Ալեքսանդրապոլի հոգևոր կառավարութեան անդամները և տեղական զօրքի հրամանատարի ներկայացուցիչներ՝ մի գեներալ և մի պօլկովնիկ: Վեհափառին ուղեկցում էին Թիֆլիսի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոսը, դիվանապետ Յուսիկ, Ալեքսանդրապոլի և Կարսի փոխանորդներ։ Կիւրեղ և Մամբրէ վարդապետները, Ալէքսանադրապօլի գաւառապետն ու քաղաքագլուխը։

Կայարանում դիմաւողները Վեհափառ Հայրապետի աջը համբուրելով ու օրհնությունն ստանալով դուրս եկան սալոն վագոնից: Անհամար բազմութեան կեցցէների և զինւորական երաժշտական խմբի նուագածութեան ուղեկիցութամբ Նորին սրբութիւնը բազմեց իրեն համար յատուկ պատրաստած Խալաթեանների կառքը։ Դեռ մի քանի քայլ չէր շարժվել կառքը, երբ կանգ առաւ, բանից դուրս եկաւ, որ դպրոցական աշակերտ պատանիները ծերունի Հայրապետին առաւել պատուած լինելու համար բաց էին արել ձիերը և իրանք էին քաշում: Վեհափառը այս նկատելով՝ սաստիկ զայրացած ցած իջաւ կառքից և ուրիշ կառք նստելով շարունակեց ճանապարհը։ Տասնեակ հազարաւոր բազմութեան մէջ կարգ պահպանելն անհնար դարձաւ: Ուղիղ կէս ժամ տևեց կայարանից մինչև յաջորդարան հասնելը: Մուտքի առաջ երգում էր օրիորդներից բաղկացած երաժշտական խումբը, որը Հայրիկի վեր բարձրանալու ժամանակ երգեց. «Հայրիկ, հայրիկ, քո հայրենիք . . . » երգը:

Վեհափառ Հայրապետը մտնելով իր սենեակները, անմիջապէս հրաւիրեց բժ. Ն. Տէր Սահակեանին յոգնածութիւնից թոյլ զգալով իրան: Այդ օրը ոչ ոքի չընդունեց։

Երեկոյեան հրավառութիւն կար, նուագում էր զինւորական երաժշտական խումբը և տեղական զուռնան։ Ժողովրդի ոգևորութիւնը անցել էր ամեն չափ ու սահման։ Օգոստոսի 11-ին ներկայացան Ալեքսանդրապոլի և շրջակայքից «ժողուած հայ հասարակութեան ներկայացուցիչները՝ շնորհաւորելու Վեհափառ Հայրապետին և ստանալու Նրա օրհնութիւնը: Ներկայացաւ նաև տեղական պարսիկների կողմից պատգամաւորութիւն, որոնք ի միջի այլոց իրանց ցաւակցութիւնը յայտնեցին հայերի և պարսիկների մէջ տեղի ունեցող թշնամական գործողութիւնների առթիվ։ Վեհափառ Հայրապետը նրանց յորդորեց հաշտ ապրել իրանց դրացի հայերի հետ, որովհետև Ռուսաստանի բարենորոգման այս մեծ և պատմական շրջանում՝ միևնոյն երկրի մէջ դարերով ապրողների եղբայրական համերաշխութիւնից կախուած է նրանց բարեկեցութիւնը։

Շաբաթ օգոստոսի 13-ին Շողակաթի տոնին ս. Փրկիչ եկեղեցում պատարագ մատոյց Գարեգին արքեպիսկոպոսը և հայրապետական մաղթանքից առաջ համառոտ բարեղխօսեց նշանակալից օրուայ առթիւ: Ժողովուրդ, քիչ կար որովհետև այդ մասին չէր յայտարարուած:

Ամսի 14-ին վերափոխման տոնին Աստուածածին եկեղեցու պատարագեց Գրիգոր եպիսկոպոս Գառնակերեանը։ Պատարագի վերջին եկեղեցի իջաւ ծերունազարդ, Հայրապետը և օրհնեց ժողովրդին: Կէսօրից յետո բարեհաճեց զբօսանքի դուրս գալ դէպի Արփաչայ, որ իմանալով երիտասարդները ձիաւորուած ուղեկցում էին Նորին սրբության կառքին։

Օգոստոս 15-ին առաւօտեան գնացքով Վեհափառ Հայրապետը մեկնեց Ալեքսանդրապոլից՝ ուղեկցութեամբ Գրիգոր եպիսկոպոսի, Յուսիկ, Կոմիտաս և Մատթէոս վարդապետների։ Էջմիածին-Իգդիր տանող խճուղու վրա կանգ առաւ գնացքը, ուր ժողոված էր մեծ բազմութիւն կառքերով ու ձիերով։ Երբ Վեհափառ Հայրապետը երեվաց վագոնից. օդը թնդաց կեցցէներով: Դիմաւորելու էին եկել Սինոդի անդամ՝ Արիստակէս և Յովհաննէս եպիսկոպոսները և Վաղարշապատի քահանաները։

Ալեքսանդրապոլ

1905թ․

Պատրաստեց Դերենիկ Մալխասյանը

Լուսանկարը՝ Vahan Tumasyan-ի հավաքածուից։

Այս խորագրի վերջին նյութերը