Լրահոս

12.06.2025 16:03


Դանակահարված 14-ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ

Դանակահարված 14-ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին՝ հունիսի 11–ին, Երևանի Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի տարածքում տեղի ունեցած դանակահարության դեպքից։

Դպրոցից NEWS.am–ին հայտնեցին, որ միջադեպը եղել է երկու 14 տարեկան պատանիների միջև։ Դանակահարվածը սովորում է այդ դպրոցում, իսկ մյուս տղան մեկ այլ դպրոցի աշակերտ է։

Դանակահարվածը սովորում է 9–րդ դասարանում և երեկ դասարանցիների հետ եկել էր դպրոց քննությունների հետ կապված լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար, քանի որ այսօր քննության էին։

Դեպքը տեղի է ունեցել դպրոցի հետնամասում։ Երեխային իրենք նկատել են այն ժամանակ, երբ վազելով եկել և մտել է դպրոցի շենք։ Առաջին օգնությունը ցուցաբերել են ուսուցիչները, այդ թվում ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Այնուհետև ժամանել է Շտապօգնություն, ոստիկաններ։

Դպրոցից հայտնեցին նաև, որ տուժած աշակերտը հայտարարել է, որ չի ճանաչում դանակահարողին։

Տղան վնասվածքը ստացել է դաստակի հատվածում, վիրահատության է ենթարկվել։ Ամեն ինչ նորմալ է այս պահին, կյանքին վտանգ չի սպառնում։

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ 2025 թվականի հունիսի 11-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կա 1 տուժող: Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական-դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը