Լրահոս

16.06.2025 14:06


Վնասված տանիքներ, ավտոմեքենաներ, տապալված ծառեր ու արևային կայաններ. ՓԾ-ն ներկայացրել է Հայաստանում ուժեղ քամու հետևանքները

Վնասված տանիքներ, ավտոմեքենաներ, տապալված ծառեր ու արևային կայաններ. ՓԾ-ն ներկայացրել է Հայաստանում ուժեղ քամու հետևանքները

Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը Լոռու, 33-ը Շիրակի մարզում։ Զոհեր չկան։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, նշելով, որ հունիսի 14-15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։

Հունիսի 15-ին ժամը 16:10-ից սկսած, ահազանգեր են ստացվել, որ Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու (գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2 մ/վ արագությամբ) հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:

Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում և ՀՆՓԱԻ կենտրոնում հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարրերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։

Տուժել է հինգ անձ, որոնք հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Հունիսի 16-ին ժամը 07։30-ին վերսկսված աշխատանքներին ներգրավվել է 205 փրկարարական ծառայող։

Այս խորագրի վերջին նյութերը