Քաղաքական

04.07.2025 10:40


ԲՏԱ նախարարը քայլելով եկավ Երևան և դարձավ անշարժ գույքի սեփականատեր․ «Ժողովուրդ»

ԲՏԱ նախարարը քայլելով եկավ Երևան և դարձավ անշարժ գույքի սեփականատեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մինչև հեղափոխական առաջամարտիկ դառնալը հասարակ փորձագետ էր: Նա հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արևելքի՝ մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ, եղել է նաև «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը։

Մինչև 2018 թվականը նա առանձնապես չի փայլել քաղաքական ոլորտում իր ակտիվությամբ, սակայն 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե մեկ տարի՝ մինչև 2019 թվականը, եղել է ՀՀ Սփյուռքի նախարար։

2019-2021 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։

2021-2023 թվականներին հանդիսացել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը:

2023 թվականի դեկտեմբերի 29-ից ստանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

Ինչպես շատ-շատ ՔՊ-ականներ, Հայրապետյանը ևս քայլելով եկավ Երևան և դարձավ անշարժ գույքի, բնակարանի սեփականատեր։

Նախարարը 2021 թվականին մայրաքաղաք Երևանում գնել է բնակարան բազմաբնակարան շենքում։

2023 թվականին ձեռք է բերել ավտոկայանատեղի Երևանում և հողամաս՝ Աշտարակ համայնքում։

Նախարարն ավտոկայանատեղի գնելու համար վճարել է 4,8 մլն դրամ, սակայն տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 8 մլն 568 հազար դրամ և 15 հազար 915 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 910 հազար դրամ և 8 հազար 700 եվրո։

Նախարարի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 432 հազար դրամ, որից աշխատանքի վարձատրությունը կազմել է 20 մլն 684 հազար դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն դրամ, ինչը անշարժ գույքի հիփոթեքն է, որի մայր գումարը մարելու համար որպես եկամտահարկի վերադարձ Հայրապետյանը ստացել է 2 մլն 747 հազար դրամ»։

Այս խորագրի վերջին նյութերը