Լրահոս

03.08.2025 16:30


140 տոննա օգնություն՝ Արցախից տեղահանված անձանց համար. լայնածավալ մարդասիրական նախագիծ է մեկնարկել

140 տոննա օգնություն՝ Արցախից տեղահանված անձանց համար. լայնածավալ մարդասիրական նախագիծ է մեկնարկել

Այսօր «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո՝ Ռուսաստանի մարդասիրական առաքելության և «Եվրասիա» ոչ կառավարական կազմակերպության մասնակցությամբ մեկնարկեց Հայաստանում բնակվող արցախցի ներքին տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու լայնածավալ նախագիծը։ Այս մասին հուլիսի 31-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի մարդասիրական առաքելության ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը։

140 տոննա օգնություն 30 հազար տեղահանված անձանց համար

«Մեր կազմակերպությունը խորապես ներգրավված է այս գործընթացում 2020 թվականից ի վեր: Գրեթե ամեն տարի մենք այստեղ էինք գալիս և մարդասիրական օգնություն էինք հասցնում. սկզբում Լեռնային Ղարաբաղ, ապա՝ տեղահանված անձանց, ովքեր ստիպված էին լքել իրենց տները և այժմ ապրում են Հայաստանում»,-նշեց նա: Ըստ Պրոնինի, այս տարի նախագիծը նոր մասշտաբ է ստանում. նախատեսվում է ավելի քան 140 տոննա մարդասիրական օգնության մատակարարում: Այն կներառի սննդի փաթեթներ և անձնական հիգիենայի պարագաներ:

«Սրանք ստանդարտացված հավաքածուներ են, որոնք նախատեսված են տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար»,-բացատրեց նա: Բացի այդ, այս անգամ որոշվել է լրացուցիչ ձևավորել հատուկ հավաքածուներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար: Բոլոր հիմնական սննդամթերքները գնվում են հայ մատակարարներից, բացառությամբ մանկական հավաքածուների: «Նպատակային լսարանը որոշելիս մենք կենտրոնացել ենք բազմազավակ ընտանիքներին, հակամարտության ընթացքում մեկ կամ երկու կերակրող կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին օգնելու վրա»,-ասաց Պրոնինը: Նա հավելեց, որ տարածաշրջանային վարչակազմերի հետ համագործակցությամբ հնարավոր է եղել բացահայտել բնակավայրեր, որտեղ տեղահանված մարդիկ կոմպակտ են ապրում: Մարդասիրական գործողության առաջին փուլը կիրականացվի օգոստոսին և կընդգրկի մոտ 30 հազար մարդու: Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից:

Համերաշխությունը գործողություն է

Իր հերթին, «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան ընդգծեց, որ Արցախից բռնի տեղահանվածները հայտնվել են ծայրահեղ դժվարին իրավիճակում: «Մենք գիտակցում ենք նրանց առջև ծառացած դժվարությունների մասշտաբները: Ահա թե ինչու, Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի և Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ համատեղ, մենք կազմակերպեցինք մարդասիրական օգնության ուղարկումը: Ես ինքս Մերձդնեստրից եմ և շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում հայտնվել նման իրավիճակում. երբ ոչինչ չես կարողանում փոխել, երբ հայտնվում ես անորոշության և տագնապի առջև», - նշեց նա։

Ծրագրի մասնակիցները փորձել են մարդասիրական օգնության փաթեթներում ներառել հնարավոր ամեն ինչ, քանի որ նախնական նախապատրաստման ընթացքում անցկացված հարցումների ժամանակ պարզվել է, որ բառացիորեն ամեն ինչի կարիք կա։ Անհրաժեշտ սննդի և հիգիենայի փաթեթների մեջ են մտնում հացահատիկայիններ, մակարոնեղեն, շաքար, ալյուր, պահածոյացված ապրանքներ, քաղցրավենիք, ձեթ, թեյ, սուրճ, կենցաղային քիմիական նյութեր, օճառ, ատամի մածուկ և ատամի խոզանակներ։ Փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար հավաքվել են առանձին փաթեթներ՝ մանկական սնունդ, շիլա, պյուրե, քաղցրավենիք, ինչպես նաև հիգիենայի պարագաներ և տակդիրներ։

Արշինովան ընդգծեց, որ մարդասիրական ուղղությունը «Եվրասիա» ՀԿ-ի համար առանցքային ուղղություններից մեկն է։ «Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչի միջով են անցնում մարդիկ և լինել այնտեղ նման պահերին»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ մարդասիրական նախագծերը ոչ միայն օգնություն են. դրանք վստահության կամուրջներ են կառուցում։ «Նման նախագծերը շատ ավելի իմաստալից, կենսունակ և արդյունավետ են, քան պաշտոնական միջոցառումները։ Դրանք հստակ ցույց են տալիս, որ մեր եվրասիական միասնության հիմքում ոչ այնքան քաղաքական համաձայնություններն են, որքան բարեկամությունը, համերաշխությունը և մարդկային շփման ցանկությունը։ «Մենք կօգնենք ձեզ» արտահայտությունը պարզապես խոսքեր չեն, այլ իրական, անկեղծ գործողություն, որը հաստատում է ժողովրդական դիվանագիտության ուժը»,-եզրափակեց Արշինովան։

«Ռուսական տուն»-ը շարունակում է օգնել տեղահանված անձանց

Երևանում «Ռուսական տան» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Անդրեևան նշեց, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գրասենյակը Հայաստանում, որի հովանու ներքո իրականացվում է մարդասիրական գործողությունը, միշտ արագ արձագանքում է արցախցի հարկադիր տեղահանվածների խնդիրներին։

«Մենք իրականացրել ենք մի շարք բազմազան նախագծեր, որոնք ուղղված են մարդկանց՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին օգնելուն։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել գիտական և կրթական նախաձեռնություններին և մանկական հանգստի կազմակերպմանը։ Մեր ծրագրերի շնորհիվ ավելի քան 100 երեխա կարողացել է հանգստանալ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Այս ուղևորությունները օգնել են երեխաներին, գոնե որոշ ժամանակով, խուսափել իրենց անհանգստություններից և դժվարություններից»,-ընդգծեց Անդրեևան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը