Քաղաքական

06.08.2025 22:03


Գրեթե 5 միլիարդ դրամ է հատկացվում, բայց քաղաքը հսկայական չորացած ծառերով անապատացող տարածքի է վերածվում (տեսանյութ)

Գրեթե 5 միլիարդ դրամ է հատկացվում, բայց քաղաքը հսկայական չորացած ծառերով անապատացող տարածքի է վերածվում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի բյուջեով նախատեսել է 4 միլիարդ 771 միլիոն 513 հազար դրամ և 1 լումա կանաչ տարածքներ հիմնելու և պահպանման ծրագրի համար։ Թվում է՝ սրանք պետք է լինեին քաղաքի թոքերը վերակենդանացնող, ծառը որպես կյանքի խորհրդանիշ ընկալող բյուջետային հատկացումներ։ Բայց ի՞նչ ենք մենք տեսնում իրականում՝ շրջելով մեր մայրաքաղաքում. ոչ մի էտված ծառ, չջրվող տնկիներ, փտած ծառեր, որ ամեն րոպե սպառնալիք են՝ առանց խնամքի, չորացած ու պոկված ճյուղերով սպառնալով մեքենաներին, պատուհաններին, էլեկտրական լարերին ու անցորդների կյանքին։ Փտած ծառերը տարիներով չեն կտրվում, փոխարենը կտրվում են առողջ ծառերը, որոնց փոխարեն տնկված բույսերը կամ չորացած տնկիները չջրվելուց հետո վերածվում են աղբի։

Ո՞րն է հաշվետվությունը այդ միլիարդների ծախսման, որտե՞ղ են էտման ծրագրերը։

Ո՞վ է վերահսկում, որ նոր տնկված ծառերը ջրվեն ու չչորանան՝ հենց նույն տարվա ընթացքում։

Ի՞նչ մասնագիտական կառույցներ են իրականացրել բուսաբանական գնահատում։

Քանի՞ ծառ է փաստացի տնկվել և քանի՞սը գոյատևել։

Սա սոսկ անգործության խնդիր չէ, սա՝ ֆինանսական միջոցների փոշիացման և հանրային վստահության կործանման պետական ձևաչափ է։ Երբ գրեթե 5 միլիարդ դրամ է հատկացվում, բայց քաղաքը հսկայական չորացած ծառերով անապատացող տարածքի է վերածվում, նշանակում է կամ փողերն ուղղակի գողացվել են, կամ լիարժեք անպատասխանատվությամբ են մսխվել։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը