Կարծիք

13.08.2025 17:48


Եթե վաշինգտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվի, ապա չի բացառվում որ Ադրբեջանին հաջողվի 2-րդ և 3-րդ նախագահներին ուղարկել Հաագայի միջազգային դատարան

Եթե վաշինգտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվի, ապա չի բացառվում որ Ադրբեջանին հաջողվի 2-րդ և 3-րդ նախագահներին ուղարկել Հաագայի միջազգային դատարան

Վաշինգտոնյան համաձայնագրի առանցքային կետերից մեկն էր նաև Մինսկի խմբի լուծարումը, որն իր հերթին, վերջնականապես փակելով Արցախի խնդիրը, բացում է Հայաստանի համար նոր և ավելի վտանգավոր հարցադրումներ:

Եթե ղարաբաղյան շարժումն ու Արցախի համար պատերազմը հանցագործություններ էին, ապա դրա համար,պիտի պատասխանատուներ լինեն:

Դա տրամաբանական է, եթե կողմերը համարում են, որ արցախյան պատերազմը ողբերգություն է եղել երկու կողմերի համար:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան 2-րդ պատերազմի ավարտից հետո, 2022 թվականին, Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ կապված Հայաստանի զինված ուժերի կողմից, իբր ադրբեջանցիների նկատմամբ կատարված մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների հետ։

Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն), 113-րդ (խոշտանգում), 115-րդ (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116-րդ (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ) հոդվածներով 297 անձի նկատմամբ Ադրբեջանը հարուցել էր քրեական գործեր։ Նրանց բոլորի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

2022 թվականի փետրվարից ի վեր Ադրբեջանը նաև հետախուզում էր հայտարարել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ, 1988 թվականից սկսած, իրենց, իբր, անջատողական գործունեության համար։

Ադրբեջանի կողմից հետախուզվող անձանց ցանկը սրանով չէր սահմանափակվում։ 2020 թվականի նոյեմբերին հետախուզման մեջ էին հայտնվել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Դավիթ Բաբայանը, Ջալալ Հարությունյանը։

Ցանկում են նաև հայ գործարարներ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Ռոյալսիս»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը։

Նրանց բոլորի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում՝ Ադրբեջանի պահանջով։

Ադրբեջանն այն ժամանակ, դիմել էր միջազգային բոլոր ատյաններին այդ հարցերի լուծման համար։

Ավելին, ադրբեջանցիները չէին էլ թաքցնում, որ նրանք փորձելու են այս հարցում կիրառել դեյտոնյան համաձայնագրերի փորձը, որի արդյունքում նաև մի շարք սերբ գործիչներ հանձնվեցին Հաագայի միջազգային դատարան:

Եվ ահա, Ադրբեջանի և Հայաստանի այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» 9-րդ կետով, «Զինված հակամարտությունների ժամանակ անհետ կորած անձանց վերաբերող հարցերը կլուծվեն երկու կողմերի մասնակցությամբ։ Նրանք պարտավորվում են փոխանակել ողջ տեղեկատվությունը անմիջապես կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Կողմերը գիտակցում են անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման և արդարադատության ապահովման կարևորությունը՝ որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց»։

Այս ձևակերպման մեջ, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է վերհիշել այսպես կոչված Խոջալուի «ցեղասպանությունը», և պահանջել, որ մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովվի:

Իհարկե դրա համար, տարածաշրջանում պիտի արմատապես փոփոխվի աշխարաքաղաքական ուժերի բալանսը, ինչպես որ դա եղավ նախկին Հարավսլավիայում:

Սակայն դրա համար էլ են Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել, ակնարկելով, որ կողմերի միջև երրորդ երկրները չպիտի միջնորդի դեր կատարեն՝ ակնարկելով իհարկե Ռուսաստանին:

Իսկ եթե վաղը ռուսական ռազմակայանը դուրս բերվի Հայաստանից, ապա Թուրքիայի տիրապետությունը Հայաստանբում կդառնա գերիշխող, որի արդյունքում Ադրբեջանին կհաջողվի նոր պայմաններ թելադրել Հայաստանին, իրականացնել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան և այդ շարքում 2-րդ և 3-րդ նախագահների ձերբակալումը կդառնա տեխնիկայի խնդիր:

Ի դեպ, նշենք, որ այդ շարքում ոչ միայն նրանք են, այլև «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները, որոնք ողջ են, ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը, նաև Սամվել Բաբայանն ու մի շարք ղարաբաղցի զինվորականներ:

Եթե Փաշինյանի այս մահաբեր ծրագրերը չկանխվի, ապա բոլոր վերը նշած խնդիրները, Ադրբեջանը հերթով կլուծի, իսկ վերջում կդրվի Հայաստանի պետականության տապանաքարը:

Իսկ դրանից հետո Հայաստանից բնակչության տեղահանումը, արցախցիների օրինակով, կդառնա նույնպես տեխնիկայի հարց:

Եթե շատերին թվում է, թե այս ծրագրերը հեռավոր ապագայի խնդիրներ են, ապա նրանք, չարաչար սխալվում են:

Ժամանակակից աշխարհում նման հարցերը կարող են լուծվել անսպասելի արագ ձևով, քանզի ժամանակները արագանում են ավելի մեծ տեմպերով, քան փոփոխվում են մարդկանց հին պատկերավցումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը