Կարծիք

18.08.2025 09:16


Հրաժեշտ Վարդան Բոստանջյանին

Հրաժեշտ Վարդան Բոստանջյանին

Մեծ ցավով տեղեկացա, որ մահացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բաբկենի Բոստանջյանը։ Նա Հայաստանի տնտեսագիտական մտքի աքսակալներից էր և՛ որպես տեսաբան, և՛ որպես օրենքների հեղինակ։ Կար մի պահ, երբ ՀՀ տնտեսությանը վերաբերող բոլոր օրենքները նրա ձեռքի տակով էին անցնում։

Բոստանջյանի հետ առաջին շփումն ու ծանոթությունը Կառավարման դպրոցում (այժմ՝ ակադեմիա) էր։ Նա մեր կուրսի պետական ավարտական քննական հանձնաժողովի նախագահն էր։ Բոլորիս հետ կատակներ էր անում, փորձում էր մեզ դուրս բերել նախաքննական բնական լարվածությունից (հետո նա դարձավ բոլորիս սիրելին և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ)։

Երբ եկավ քննական տոմսին պատասխանելուս հերթը, մի փոքր մասնագիտական քննարկում ծավալվեց մեր մեջ։ Հարցաթերթիկում կար հարց տնտեսության պետական կառավարման, ավելի կոնկրետ՝ քեյնսականության մասին։ Տեսությունը ներկայացնելուց հետո անցանք քննարկման։ Թեման՝ արժե՞ արդյոք քեյնսականությունը գործնականում կիրառել Հայաստանում և ինչպե՞ս է պետք դա անել։ Պարզվեց՝ մեր մոտեցումները տարբերվում էին։ Ես սկսեցի մի փոքր հակաճառել պարոն Բոստանջյանին: Նա մեծավարի ու առանց չարության, իրեն հատուկ խոսելաոճով ասաց․ «Անդրանի՛կ, չես վախենո՞ւմ, որ հանձնաժողովի նախագահի հետ ես վիճում, բա որ «կտրվե՞ս»»։

«Պարո՛ն Բոստանջյան, դե հիմա ի՞նչ անեմ, որ այդպես եմ տեսնում քեյնսականության կիրառումը, կներեք, որ հակաճառում եմ Ձեզ, բայց դա իմ տեսակետն է»,– կրկին հակաճառեցի ես։

Մինչ կմտածեի, թե ինչպես եմ ինձ պահելու, եթե հանկարծ «կտրվեմ» կամ ցածր ստանամ, Բոստանջյանն ասաց․ «Ճիշտ ես անում, որ հակաճառում ես, քո տեսակետի համար միշտ պետք է կռիվ տաս, այ հենց դրա համար էլ ամենաբարձր գնահատականն ես ստանալու, բայց ամեն դեպքում իմ ասածների վրա կմտածես»։

Մասնագիտական ոլորտում երկրորդ անգամ հանդիպեցինք ՀՀ տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում։ Թեկնածուականիս պաշտպանության ժամանակ Բոստանջյանն իմ ընդդիմախոսն էր։ Թեման՝ ծրագրային բյուջետավորումը, որի օրենսդրական մասի վրա ինքը մեծ ներդրում ուներ։ Ես մասնակցել էի պետական բյուջեի այդ նոր մոդելի կիրառման պիլոտային ծրագրի կազմման աշխատանքներին։

Ելույթից առաջ ինձ «դուխ» տվեց․ «Անդրանի՛կ ջան, իմացիր, որ պրոֆեսորներով քեզ հեսա հարցախեղդ ենք անելու, բայց «դուխդ» չգցես, կարգն է այդպիսին, մեկա գիտենք, որ պատասխանելու ես, նենց որ՝ արխային»։ Բոլորս ժպտացինք ու թեկնածուականի պաշտպանությունն անցավ խոր մասնագիտական ու մարդկային ջերմ մթնոլորտում։ Հետագա տարիներին մասնագիտական առումով ինքն ինձ շատ է օգնել։ Միշտ հասանելի ու միշտ պատրաստակամ։

Մասնագիտական դաշտում առկա շփումները հետագայում վերածվեցին ընկերականի։ Նա իմ ավագ ընկերն էր։ Շատ հաճախ այս կամ այն գրածս նյութից հետո իր կարծիքն էր ասում։ Եթե դիտողություն ուներ, ապա դա այնպես էր անում, որ մեծի կշտամբանք չթվա կամ հանկարծ չնեղվեմ։ Բայց գովալուց շատ շռայլ էր։

Վերջին շփումը նրա հետ Գյումրիում էր՝ այս տարի։ Միասին գնացինք հայրաքաղաք։ Քննարկում էինք Գյումրիի զարգացման ծրագիրը։ Բոստանջյանն իր խորհուրդներով ու դիտողություններով մեծապես օգնեց մեզ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» ծրագիրը կազմելու հարցում։ Այնքան սրտացավ էր, որ պարբերաբար զանգում բովանդակային և նույնիսկ խմբագրական, սրբագրական հարցերին էր անդրադառնում։

Շատ համով ու կոլորիտով մարդ էր Բոստանջյանը։ Իսկական քաղաքացի էր։ Ահավոր ծանր էր տանում Հայաստանում ու Արցախում տեղի ունեցածը։ Ուզում էր անպայման քաղաքական փոփոխություն լինի, քանզի տանել չէր կարողանում սրանց։

Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարդան Բաբկենիչ։

Ցավակցում եմ Բոստանջյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մեր մասնագիտական համքարության ներկայացուցիչներին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը