Կարծիք

21.08.2025 11:28


Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում

Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում

Ինչպես հայտնի է, օգոստոսի 18-ին Վլադիմիր Զելենսկին և յոթ եվրոպացի առաջնորդներ Վաշինգտոնում հանդիպեցին Դոնալդ Թրամփի հետ։

Զելենսկու հետ Վաշինգտոն էր ժամանել յոթ եվրոպացի առաջնորդ՝ Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետներ Կիր Ստարմերը և Ջորջ Մելոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Ստուբը և Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

ԱՄՆ նախագահը «Truth Social»-ում ամփոփել է Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը, որը Թրամփը անվանել է «շատ լավ»։

Նրա խոսքով՝ գլխավոր արդյունքն այն է, որ եվրոպական երկրները անվտանգության երաշխիքներ կտրամադրեն Ուկրաինային՝ համաձայնեցնելով դրանք Միացյալ Նահանգների հետ։ Բանակցությունների ավարտին Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և «սկսել է նախապատրաստել հանդիպումը» նրա և Վլադիմիր Զելենսկու միջև. հանդիպման վայրը դեռևս որոշված չէ։ Այդ հանդիպումից հետո Թրամփը նախատեսում է եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։

Պուտինի և Թրամփի միջև 40 րոպե տևած հեռախոսազրույցի ռուսական վարկածը ներկայացրեց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հաստատեց, որ զրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը աջակցություն են հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններին։

Թրամփի, Զելենսկու և յոթ եվրոպական երկրների լիդերների հանդիպման արդյունքում համատեղ մամլո ասուլիս տեղի չունեցավ, սակայն բոլոր կողմերը այդ հանդիպումը դրական գնահատեցին:

Փորձենք ամփոփել, թե ինչ են վերջապես պայմանավորվել այդ հանդիպմանը և, որն է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որի հետ համաձայնվել են նաև Զելենսկին ու եվրոպացի ղեկավարները:

Առաջին

Ղրիմի վերադարձը Ուկրաինային և նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ բացառվում են։

Երկրորդ

Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, սակայն ոչ՝ ՆԱՏՕ-ի մասին, Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն (մեկի վրա հարձակումը համարվում է բոլորի վրա հարձակում)։

Ավելին, այս հարցում Թրամփը հայտարարեց, որ որպես առաջին գիծ այդ երաշխիքների տակ պիտի մտնեն եվրոպական երկրները: Իսկ ԱՄՆ-ի դերակատարումը պիտի տեխկինական բնույթի լինի: Օրինակ, պիտի շարունակի զենք վաճառել Ուկրաինային:

Երրորդ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ: Իսկ ԵՄ երկրները իրենք պիտի համաձայնության գան Ռուսաստանի հետ առանձին բանակցություններում:

Գործնականում դա նշանակում է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ վերականգնել իր տնտեսական հարաբերությունները, սակայն ամեն ինչ կանի, որ նմանատիպ հարաբերություններ ԵՄ-ն Ռուսաստանի հետ չհաստատի, քանի որ դա շահավետ չի լինի ԱՄՆ-ի համար:

Չորրորդ

Թրամփը համաձայնել է Պուտինի հետ, որ կրակի դադարեցումը, առանց վերջնական խնդրի լուծման, շահավետ չէ Ռուսաստանին, և վերջինս ունի իրավունք, մինչև համաձայնագրի կնքումը, շարունակել ռազմական գործողությունները: Այս հարցում Զելենսկին ու եվրոպական լիդերները հակադրվում էին Թրամփին, սակայն այս վերջին հանդիպումից հետո որոշեցին հարմարվել այս դիրքորոշմանը:

Հինգերորդ

Վաշինգտոնի տվյալներով՝ Անքորիջի գագաթնաժողովում Ռուսաստանը համաձայնել է զիջումների հինգ շրջանների հարցում, սակայն, առանց Ուկրաինայի, տարածքների հարցը չի կարող քննարկվել։ Ի դեպ, նույն դիրքորոշումն ունի նաև Զելենսկին:

Վերջինս առաջին անգամ ընդունել է այս հարցի քննարկման հնարավորությունը, սակայն պնդել է, որ առանց Պուտինի հետ հանդիպման, նա քննարկմանը չի մասնակցի:

Ռուսական կողմը ավելի լղոզված պատասխան է տալիս այս հարցին, նշելով, որ Պուտինը կհամաձայնվի հանդիպել Զելենսկու հետ, եթե մինչ այդ լուծվեն բոլոր խնդիրները տարածքների մասով:

Վերջին խնդրում, ըստ ամերիկյան աղբյուրների, ռուսներն ու ամերիկացիները եկել են սենսացիոն համաձայնության:

Ըստ այդ աղբյուրի՝ ռուսական կողմը համաձայնվել է դուրս բերել իր զորքերը Սումիի, Խարկովի, Դնեպրոտերպվսկի և Նիկոլաևի մարզերից, որի դիմաց, Ուկրաինան պիտի իր զորքը դուրս բերի Ռուսաստանի կողմից արդեն իր տարածքը ճանաչված չորս մարզերից (Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ևԶապորոժիեի):

Ըստ պատերազմի ինստիտուտի տվյալների՝ Ռուսաստանը գրավել է Սումիում ընդամենը տարածքների 1%-ը, Խարկովում՝ 4%-ը, Դնեպրոպետրովսկում՝ 1%-ը ևՆիկոլաևում՝ 1% տոկոսը:

Այսինքն, ռուսականկողմը համաձայն է լքել այդ տարածքները, եթե ուկրաինական կողմը համաձայնվի հետ քաշել իր զորքերը Ռուսաստանի կողմից պաշտոնապես ճանաչված մարզերից:

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ ամերիկացիները համաձայն են ռուսների հետ, եվրոպացիները դեմ չեն, որ Կիևը կորցնի այդ տարածքները, փոխարենը՝ ստանա ՆԱՏՕ-ի մեջ մտնելու իրավունք:

Ըստ փորձագետների՝ եվրոպացիները թքած ունեն ուկրաինական տարածքների վրա: Նրանց մտավախությունն այն է, որ Մոսկվան չգրավի ողջ Ուկրաինան և դառնա սահմանակից Լեհաստանին և Ռումինիային:

Սակայն ամենածանր վիճակում է հայտնվել Զելենսկին, քանի որ ուկրաինական հանրությունը, ճիշտ հակառակը՝ համաձայն է լինել ՆԱՏՕ-ի կազմից դուրս, սակայն չկորցնել իր տարածքները:

Այս խճճված իրավիճակից պիտի փորձեն դուրս գալ բոլոր կողմերը, որտեղ արդեն երկու գերտերությունները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ունեն գրեթե միանման կարծիք:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը