Քաղաքական

23.08.2025 14:50


«Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մոտ՝ ի պաշտպանություն հայ-ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մոտ՝ ի պաշտպանություն հայ-ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 23-ին, «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչներն ակցիա են իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մոտ՝ ի պաշտպանություն հայ-ռուսական հարաբերությունների։

Ավելի վաղ «Մայր Հայաստան» շարժումը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«Այսպես կոչված արևմտամետները հայտարարել են, որ ակցիա են պատրաստվում իրականացնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ։

Այլ իշխանության պարագայում նման հակահայկական ուժերի և թուրքական 5–րդ շարասյան գոյությունը մեր քաղաքական դաշտում անհնար կլիներ: Սակայն օրվա իշխանության պարագայում այս ամենը, հայտնի պատճառներով, ոչ միայն հանդուրժվում է, այլ նաև փաստացի խրախուսվում:

Արցախը գրավելուց, Սյունիքի տարածքը վիճելի դարձնելուց, «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո մեր հակառակորդներն անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին, որից հետո Հայաստանի լիակատար հանձնումը Թուրքիային և Ադրբեջանին կդառնա ընդամենը տեխնիկայի հարց:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ռուսական ռազմաբազայի դեմ սադրիչ գործողությունները։ Ողբերգական կլինի, որ մեր հանրությունը հանդուրժի իր դեմ իրականացվող այս քայլը: Կրկնակի ողբերգություն է, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի հետ փորձում են կրկնել այն, ինչ կատարվեց 110 տարի առաջ:

Գյումրիի քաղաքապետարանը, համապատասխան ուժային կառույցները պետք է օրենքով սահմանված կարգով կանխեն ռուսական ռազմաբազայի և վերջին հաշվով՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ իրականացվող այդ թշնամահաճո ակցիայի կայացումը։

«Մայր Հայաստանն» իր բոլոր հնարավորություններով պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության շահերը»։

Այս խորագրի վերջին նյութերը