Քաղաքական

27.08.2025 09:45


Խաբեց մեզ Ավինյանը. Վարդաշենում այլևս հույս չունեն, որ մի օր բարեկարգ բնակարանում կապրեն (տեսանյութ)

Խաբեց մեզ Ավինյանը. Վարդաշենում այլևս հույս չունեն, որ մի օր բարեկարգ բնակարանում կապրեն (տեսանյութ)

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով, որ իրենց ազատեն վթարային շենքերից։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեղում է ծանոթացել շենքերի վիճակին ու կենցաղային պայմաններին։

Վարդաշենի 68 հասցեի հանրակացարանային շենքի մուտքի մոտ արդեն հասկանալի է դառնում, որ այս շենքում ապրելը, մեղմ ասած, դժվար է. խոնավության ու կոյուղաջերի հոտը ամառվա այս տապին պարզապես անտանելի են։ Մուտքերն առհասարկ դուռ չունեն, աստիճանավանդակները քարուքանդ են, բազրիքներ չկան ընդհանրապես։

Վարդաշենի 6-րդ փողոցի 68 և 66/1 շենքերի բնակիչները տարիներ շարունակ ապրում են սանիտարահիգիենիկ անտանելի պայմաններում` ճաքած պատերի ու խոնավության մեջ, օձերի ու կարիճների շրջապատում։ Արդեն չեն կողմնորոշվում` որ խնդիրը ցույց տան. դրանք անթիվ–անհամար են։

Սանհանգույցն այս շենքերում մեկ հարկի համար ընդհանուր է, այն էլ այնպիսի վիճակում, որ անգամ կողքով անցնելն է մեծ «հերոսություն»։ 30 ընտանիք օգտվում է նույն սանհանգույցից, շատ հաճախ հերթ կանգնում օգտվելու համար։

«Սանհանգույց հասկացողությունը կարող են նորակառույցի համար ասել, էստեղ սանհանգույց գոյություն չունի։ Մեկը մտնում ա, աղբ ա թափում, մեկը մտնում ա, կղանք ա թափում, մեկը` լվացքի ջրեր, մեկը մազ ա ներկում, մեկը ոտք ա լվում, մի հատ խոլերա վիճակ ա այստեղ»,–ասում է շենքի բնակիչ Կարեն Գևորգյանը։

Այս շենքերում ապրելը ոչ միայն սանիտարահիգիենիկ առումով է անհնար, այլև անվտանգ չէ։ Ամեն օր մի նոր ճաք է ավելանում, մի նոր քար է պոկվում, իսկ շենքի պանելները հեռանում են իրարից։ Մի քանի ամիս առաջ էլ քաղաքապետարանից եկել, բոլոր պատշգամբները ապամոնտաժել են դժբախտ պատահարներից խուսափելու համար։

«Եթե շենքը վթարային չլիներ, ամեն մեկը մի պայման կստեղծեր իր համար։ Բայց մենք հիմա պարզապես անվտանգության մասին ենք մտածում։ Զիբիլի ավտոն որ անցնում ա էստեղով, սաղ շենքը դղրդում ա»,–ասում է շենքի բնակիչ Վարդան Նիկողոսյանը։

Այս շենքի բնակիչների մեծ մասը միայնակ տարեցներ են։ Հաշմանդամություն ունեցող ծերերն այսպիսի պայմաններում դժվարանում են անգամ ճաշ եփել։

Քաղաքապետարան, կառավարություն... դիմել են բոլոր հնարավոր կառույցներին, անգամ քաղաքապետն անձամբ եկել, ծանոթացել է իրավիճակին, բայց սայլը տեղից չի շարժվել։

«Խաբեց մեզ Ավինյանը. եկավ, ասեց` մայրիկ ջան, ցավդ տանեմ, էսքան համբերել ես, մի էսքան էլ համբերի, առաջինը քեզ ա տուն հասնում։ Բա ո՞ւր ա, ո՞ր թվին, ո՞ր ժամին։ Ինքն իրա գրպանի համար ա մենակ աշխատում, մեզ էլ բոմժի տեղ ա դրել»,–զայրացած պատմում է Ռիմա տատիկը, որը շենքի ամենահին բնակիչներից մեկն է։

Շենքը 4-րդ կարգի վթարային է ճանաչվել 2021թ.–ին։ Այս տարիների ընթացքում բնակիչները պարտաճանաչ մուծել են գույքահարկն ու մյուս բոլոր պարտադիր վճարները, բայց խնամք ու բարեկարգում շենքում չեն տեսել։ Որոշ բնակիչներ, չդիմանալով այս պայմաններին, պարզապես փակել են դուռն ու հեռացել` վարձով ապրելու։ Բայց ոչ բոլորը նման հնարավորություն ունեն։ Վթարային շենքում մնացած մարդիկ ասում են` իրենց մնում է միայն ամեն օր աղոթել, որ շենքը մի օր գլխներին փուլ չգա, մինչև որ պատկան մարմիններն իրենց էլ ուշադրություն դարձնեն։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը