Քաղաքական

01.09.2025 09:28


«Խոպանից» ուղարկված գումարները նվազել են. թվեր. «Ժողովուրդ»

«Խոպանից» ուղարկված գումարները նվազել են. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեից պաշտոնապես տեղեկացավ, որ Հայաստան փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը շարունակում է նվազել։

2025թ. հունիսին այն կազմել է ընդամենը 75.9 մլն դոլար։ Սա հատկապես ուշագրավ է, քանի որ մայիսին գրանցվել էր կտրուկ աճ, որը հունիսին նույնքան կտրուկ վերածվեց անկման։

Արդյունքում, ըստ «Լույս»-ի, տարվա առաջին կիսամյակում՝ հունվարից հունիսը ներառյալ (հուլիսի տվյալները դեռևս չեն հրապարակվել), Հայաստան փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 587.6 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.3%-ով պակաս է։ Անցած տարի նույն ցուցանիշը հասնում էր 595.4 մլն դոլարի։

Հիշեցնենք, որ այս փոխանցումների լիակշիռ մասը գալիս է Ռուսաստանից, և դրանց տատանումները անմիջապես արտացոլվում են ինչպես բանկային համակարգում, այնպես էլ հազարավոր ընտանիքների եկամուտներում։

Այդպիսով, տրանսֆերների հոսքը, որն ավանդաբար դարձել է հայկական տնտեսության կայունության կարևոր գործոն, այս անգամ ևս ցույց է տալիս իր խոցելիությունը՝ արտաքին զարգացումներից և շուկայի տրամադրություններից կախված»։

Այս խորագրի վերջին նյութերը