Կարծիք

11.09.2025 14:32


Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում

Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում

Ինչպես հայտնի է, Վրաստանում հոկտեմբերի 4-ին պիտի անցկացվեն տեղական ընտրություններ:

Ըստ տարբեր չափումների՝ իշխող ուժի վարկանիշը տատանվում է 60-ից 70 տոկոսի տիրույթում:

Այդ իսկ պատճառով էլ երկրի հիմնական ընդդիմադիր երկու ուժերը հրաժարվում են մասնակցել այդ ընտրություններին, որպեսզի հերթական անգամ չգրանցեն իրենց պարտությունը:

Նույն պատճառով էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվում է առաքելություն ուղարկել Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու համար: Այստեղ էլ հաշվարկել են, որ իրենց համար իմաստ չկա արձանագրելու իշխանության հաղթանակը:

Միաժամանակ, որպեսզի «ընդդիմությունը» անգործ չմնա, իրենց համար ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էին «լսումներ». «Գործընկերոջից դեպի խնդիրներ. Վրաստանի հակաամերիկյան շրջադարձը» թեմայով։

Բնականաբար այդ «լսումներին» մասնակցում էին նաև ներկայիս վրացական ընդդիմության ներկայացուցիչները:

Իսկ բուն լսումները վարում էր ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը:

Վերջինս ամերիկյան պարզմտությամբ ներկայացնում էր այն «մեղադրանքները», ըստ որի պիտի պատժվեն ներկայիս Վրաստանի իշխանությունները:

«...«Վրացական երազանքը» որոշել է դաշինք կնքել Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ, բացել է դուռը Վրաստանի տնտեսության և ենթակառուցվածքների վրա չինական ազդեցության համար։ Եվ, ամենակարևորը, իր Սև ծովի նավահանգիստը հանձնել է Չինաստանին՝ այդպիսով ամերիկյան բիզնեսներին զրկելով ռազմավարական առևտրային ուղիներից և Վրաստանի ապագան կապելով այն ռեժիմի հետ, որը բացահայտորեն պատրաստվում է առճակատման ԱՄՆ-ի հետ։ Միևնույն ժամանակ, այն սերտորեն համագործակցում է ռազմական հանցագործ Պուտինի հետ՝ օգնելով Մոսկվային շրջանցել պատժամիջոցները...»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ սկզբում իշխանությունները այդ նավահանգիստը հանձնել էին ամերիկացիներին, սակայն պարզվել էր, որ վերջիններս, ի հակառակ իրենց նախնական խոստման, պատրաստվում էին այտեղ հիմնել ռազմածովային հենակետ:

Մինչդեռ Չինաստանին շահավետ է խաղաղ բնույթի նավահանգիստ կառուցել, քանի որ այն իր ապրանքները դեպի Եվրոպա արտահանելու համար է անհրաժեշտ:

Իսկ ամերիկացի կոնգրեսականը բացահայտորեն խոստավանում է, թե ինչու է դեմ Իվանիշվիլու իշխանությանը և ում շահերն են սպասարկում Վրաստանում այդ «ընդդիմություն» կոչվածները:

Հենց այդ պատճառով էլ այս տարվա մայիսին ամերիկյան Կոնգրեսը ընդունեց, այսպես կոչված MEGOBARI Act օրենքը՝ նպատակ ունենալով «հակազդել Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության, Իրանի ռեժիմի և Ռուսաստանի Դաշնության ազդեցությանը Վրաստանում»։

Սակայն ամերիկյան Սենատը մինչ այսօր, չի հաստատել այս օրենքը և, հավանաբար, Թրամփի վարչակազմը հասկանում է, որ բացահայտորեն Վրաստանին փորձել «մանրադրամի» տեղ օգտագործելը կարող է ճիշտ հակառակ էֆեկտն ունենալ:

Այդ իսկ պատճառով էլ ներկայիս ամերիկյան վարչակազմը մինչև վերջ չի կարողանում հստակ դիրքորոշում ցուցաբերել Իվանիշվիլու իշխանության վերաբերյալ՝ փորձելով հասկանալ, թե այդ երկրի «ընդդիմադիրները» գործնականում ինչ կշիռ ունեն:

Սակայն ժամանակը անցնում է, և բոլորն էլ հասկանում են, որ այդ երկրին զոհասեղանին դնելը ճիշտ չէ, և նման գործելաոճը ճիշտ հակառակ հակազդեցությունը կարող է տալ:

Այդ իսկ պատճառով, ամերիկացիները փորձում են տարածաշրջանը շրջանցել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով:

Սակայն Հայաստանի մասով մինչև վերջ համոզված չեն, որ կկարողանան դա կյանքի կոչել, քանի որ մեծ հավանականություն կա, որ գալիք տարի Փաշինյանի իշխանությունը կտապալվի, և Հայաստանի հաջորդ ղեկավարը մերժի կատարել Ալիևի բոլոր պահանջները, իսկ ԱՄՆ էլ չի կարողանա մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:

Այդ դեպքում Վաշինգտոնը պիտի կրկին փորձի լեզու գտնել Իվանիշվիլու իշխանության հետ, որպեսզի վերջնականապես չզրկվի տարածաշրջանում իր բոլոր լծակներից:

Ահա թե ինչու են ամերիկացիները այսօր կիսով չափ քննադատում Վրաստանի իշխանություններին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը