Կարծիք

26.09.2025 12:23


Թրամփն ԱՄՆ-ն դուրս է բերում ռուս-ուկրաինական կոնֆլիկտից՝ գլխավոր պատասխանատու նշանակելով եվրոպացիներին

Թրամփն ԱՄՆ-ն դուրս է բերում ռուս-ուկրաինական կոնֆլիկտից՝ գլխավոր պատասխանատու նշանակելով եվրոպացիներին

Արևմտյան փորձագետները շարունակում են վերլուծել Թրամփի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, որտեղ նա մի շարք հայտարարություններով հանդես եկավ:

Նախ, նա հայտարարեց, որ Ուկրաինան կարող է հաղթել և հետ վերադարձնել իր բոլոր կորցրած տարածքները: Հետո հայտարարեց, թե Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակի մեջ է հայտնվել և չի կարողանա երկար շարունակել պատերազմը Ուկրաինայի հետ, հետո հայտարարեց, որ ԱՄՆ-ն կշարունակի զենք վաճառել եվրոպացիներին, իսկ վերջիններս կարող են այն տրամադրել Ուկրաինային:

Նրա այս ելույթները սկզբում ոգևորել էին եվրոպական լիդերներին: Սակայն երբ նրանք ավելի մանրամասն սկսեցին ուսումնասիրել Թրամփի հայտարարությունները, հասկացան, որ Թրամփը փաստացի պատրաստվում է ԱՄՆ-ին դուրս բերել ռուս-ուկրաինական հակամարտության տիրույթից՝ թողնելով եվրոպացիներին ինքնուրույն որոշել իրենց ապագա հարաբերությունները Մոսկվայի հետ:

Եվրոպական դիտորդները և, մասնավորապես, բրիտանական հեղինակավոր Financial Times-ի վերլուծաբաններ Անն-Սիլվեն Շասանին, Բեն Հոլը, Էմի Մակիննոնը և Քրիստոֆեր Միլլերը ավելի կոպիտ են արտահայտվում, նշելով, որ «դուզ խոսքը էշին են ասում»:

Այսինքն, Թրամփը մի քանի անգամ զգուշացրել է եվրոպացիներին, որ ռուս-ուկրիանական կոնֆլիկտը կարող է վտանգավոր չափի խորանալ, և չարժե այդ տեսանկյունից Զելենսկուն ավելորդ խոստումներ տալ:

Սակայն, ըստ Թրամփի մոտ կանգնած շրջանակների, եվրոպացիները չեն ուզում լսել այդ ճշմարտությունները, որի պատճառով էլ Թրամփը որոշել է «քցել» և՛ եվրոպացիներին, և՛ Ուկրաինային:

Բանն այն է, որ Թրամփը չի ուզում և չի կարող շարունակել անվճար օգնել Զելենսկուն, քանի որ դա չի ուզում ամերիկյան ժողովուրդը:

Բացի այդ, ամերիկյան տնտեսությունն այն վիճակի մեջ չէ, որ նա կարողանա տասնյակ միլիառդավոր դոլարներով անվճար օգնել որևէ երկրի:

Սակայն, երբ պարզ է դարձել, որ ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ եվրոպական լիդերները պատրաստ չեն գիտակցելու դա, ԱՄՆ նախագահը որոշել է, այս իրավիճակից «չոր» դուրս գալու համար, «գցել» բոլորին:

Ուկրաինացիներին նա ասում է՝ կարող եք պատերազմել մինչև վերջ, սակայն ձեզ կօգնի միայն Եվրոպան:

ԱՄՆ-ն զենք կվաճառի ՆԱՏՕ-ին, որն էլ կորոշի, թե ինչ չափով կաջակցի Ուկրաինային:

Եթե վերջնարդյունքում Ուկրիանան պարտվի, ապա դա կլինի, ոչ թե Թրամփի, այլ Զելենսկու և եվրոպացիների պարտությունը:

Եթե նրանք կարողանան շարունակել դիմադրել, ապա դրանից կտուժի Ռուսաստանը, որը նույնպես Թրամփի համար շահավետ կլինի. Պուտինի հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվածությունների հասնել:

Ավելին, Թրամփը ցանկանում է դարձնել ԱՄՆ-ն աշխարհում էներգակիրների գլխավոր արտահանողներից մեկը: Իսկ այս հարցում նրա հիմնական մրցակիցներն են արաբական երկրները, Իրանը, Վենեսուելան և Ռուսաստանը:

Եթե այս կոնֆլիկտի արդյունքում ռուսական էներգակիրների տեղը ԱՄՆ-ն սկսի իր էներգակիրները արտահանել, ապա դա կլինի հիանալի, ըստ Թրամփի:

Նա նույնիսկ առաջարկում է եվրոպացիներին՝ հրաժարվել ոչ միայն ռուսական էներգակիրներից, այլև՝ պատժամիջոցներ կիրառել Չինաստանի և Հնդկաստանի դեմ, որ նրանք չկարողանան գնել ռուսական էներգակիրները:

Այս քայլով Թրամփը փորձում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել:

Եթե եվրոպացիները կատարեն Թրամփի այդ պահանջը, ապա ԱՄՆ-ի համար կազատվեն մեծ շուկաներ՝ իր էներգակիրների վաճառքի համար: Իսկ եթե մերժեն, ապա Թրամփը կմեղադրի եվրոպացիներին երկերեսանիության մեջ և չի փչացնի իր հարաբերությունները Մոսկվայի հետ:

Եթե ամփոփենք այս ամենը, ապա կարող ենք արձանագրել, որ Թրամփի ռազմավարությունը ճիշտ է հաշվարկված, բոլոր իմաստներով:

Ցանկացած տարբերակում ինքը, և ԱՄՆ-ն պարտված դիրքերում չեն հայտնվի:

Ի դեպ, նույն ԱՄՆ-ն կարողացել է նույն ձևով մասնակցել թե՛ առաջին, և թե՛ երկրորդ Համաշխարային պատերազմներին:

Դրանց արդյունքում ոչ միայն ոչինչ չի կորցրել, այլև շահել է:

Նույնը պատրաստվում է անել նաև այս անգամ, տեսնելով, թե ինչ աստիճանի անտրամաբանական է իրեն պահում եվրոպական ներկայիս քաղաքական վերնախավը:

Ի դեպ, Թրամփը նույն ձևով է մոտենալու նաև հայ-ադրբեջանական խնդիրներին:

Այս հարցում էլ Թրամփն իր վրա ոչ մի պատասխանատվություն չի վերցնում՝ փորձելով ստանալ միայն օգուտներ:

Դրա մասին փաստացի խոստովանում են նաև նրա շրջապատում:

Օրինակ, ԱՄՆ նախագահի Անվտանգության խորհրդում հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը, ով պատասխանատու է նաև Պուտինի հետ հարաբերությոնները պահպանելու համար, հայտարարում է նաև, որ Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ մշտական ​​կապի մեջ է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարներ Հաքան Ֆիդանի և Իբրահիմ Քալընի հետ։

Ավելին, նշում, որ ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիային՝ որպես տարածաշրջանի գլխավոր դաշնակից երկիր:

Իսկ թե ինչ ծրագրեր ունեն Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ, նույնիսկ իմաստ չունի հիշեցնել:

Թրամփ-Էրդողան հարաբերությունների սերտացումը խիստ մտահոգել է ոչ միայն Հունաստանին և Իսրայելին, այլև... ներկայիս Թուրքիայի ընդդիմությանը:

Բայց դա արդեն այլ քննարկման հարց է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը