Աշխարհ

05.10.2025 13:36


Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան (տեսանյութ)

Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան (տեսանյութ)

Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի երեկոյան տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Եվս 30 մարդ տեղում բուժօգնություն է ստացել։

«Հոսպիտալացվածների մոտ տարբեր տեսակի վնասվածքներ են նկատվում։ Ոստիկաններից մեկի առողջական վիճակը ծանր է։Տուժածների մի մասը բժշկական հետազոտություններ է անցնում և շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իշխանությունը տապալելու փորձը ձախողված է, հայտարարել է Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Ակցիայի բոլոր մասնակիցները, նրա խոսքով, խստորեն կպատժվեն:

Կոբախիձեն ԵՄ դեսպանի վրա է դրել Թբիլիսիում անկարգությունների և սահմանադրական կարգը տապալելու փորձերին աջակցելու պատասխանատվությունը։ Կոբախիձեն հայտարարել է, որ օտարերկրյա գործակալները կչեզոքացվեն և կզրկվեն վրացական քաղաքականությանը մասնակցելու հնարավորությունից։

Թբիլիսիում գիշերվա ընթացքում ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմակերպչական կոմիտեի անդամներից Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն: Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաև բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ: Այդ արարքների համար նախատեսված է մինչև 9 տարվա ազատազրկում:

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Իշխող «Վրացական երազանքը» ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։ Ընդդիմադիր մի քանի կուսակցություն անկարգություններ էին սկսել, ցուցարարների մի խումբ ներխուժել էր նախագահական պալատի տարածք։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը