Քաղաքական

19.11.2025 13:22


Վաղարշապատի ընտրությունների վերահաշվարկն ավարտվել է. արդյունքները չեն փոխվել

Վաղարշապատի ընտրությունների վերահաշվարկն ավարտվել է. արդյունքները չեն փոխվել

Վաղարշապատ խոշորացված համայնքի (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը ավարտվել է։ Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայներում փոփոխություններ չեն եղել։

Ընտրատեղամասերում վերահաշվարկն ավարտվել է լուսաբացին։

Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը, որը չէր հաղթահարել 4 տոկոսանոց անցողիկ շեմը, դիմել էր ԿԸՀ` 6 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկ կատարելու պահանջով։

Թիվ 14 ԸԸՀ–ն նաև վիճակահանություն է իրականացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ–ների քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմն ապահովեցին 3–ը միայն։ Ըստ այդմ` ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը` 12 մանդատ, «Մայր Հայաստանը»` 2 մանդատ։

Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 69 866 քաղաքացիներից 31 547-ը կամ 45.12 %-ը:

«Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 1241 (3.9%) քվե։

Այս խորագրի վերջին նյութերը