Լրահոս

22.11.2025 09:32


Երևանի Թևոսյան փողոցում ասֆալտը քերել ու մոռացել են փոսը լցնել, ինչը դարձել է 15 ավտոմեքենաների վթшրի պատճառ

Երևանի Թևոսյան փողոցում ասֆալտը քերել ու մոռացել են փոսը լցնել, ինչը դարձել է 15 ավտոմեքենաների վթшրի պատճառ

Որոշ դեպքերում, չգիտես ինչու, ասֆալտապատումը կատարվում է կիսատ-պռատ․ հին ու անորակ ասֆալտը քերում են, դրանից հետո փորված հատվածը պետք է շատ արագ լցվի, սակայն ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, ինչի պատճառով էլ այդ փոսերը վարորդների համար դառնում են իսկական պատուհաս, հայտնում է Shamshyan.com-ը։

Նոյեմբերի 21-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում` դեպի Ջրվեժ տանող ճանապարհին, 15-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են Երևանի քաղաքապետարանի կողմից փորված փոսում, ինչի հետևանքով բոլոր ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են, և վարորդները ավտոքարշակով են վնասված ավտոմեքենաները տեղափոխել ավտովերանորոգման կետեր։ Նույնիսկ փոսը շրջանցելու պատճառով 3 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների։

Մի քանի դեպքերում էլ վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, ավտոմեքենաները հեռացրել են դեպքի վայրից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե ցերեկվա ժամերին վարորդների համար տեսանելի է այդ փոսը, ապա գիշերային ժամերին հնարավոր է՝ չտեսնեն, և հերթական վթարը տեղի ունենա։

Ավելին` այդ հատվածով է իրենց ավտոպարկ մեկնում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված` Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտի մեծ մասը, և չկա երաշխիք, որ ավտոբուսները նույնպես չեն հայտնվի փոսում։

Իսկ թե ո՞վ է փոխհատուցելու վարորդներին պատճառված վնասը, դեռևս անհայտ է։

Այս խորագրի վերջին նյութերը