Կարծիք

10.12.2025 13:52


Հենման կետեր՝ ընտրություններից առաջ

Հենման կետեր՝ ընտրություններից առաջ

Արքիմեդն ասում էր. տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և այն կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն։

Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի։ Շատ երկրներում կան զսպման և դիմադրության համակարգեր՝ պետական ինստիտուտներ, հասարակություն, ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Որևէ օղակ կկասեցնի փլուզումը։

Ինչու եմ սա ասում։ Ընտրությունների արդյունքներ և ելքեր գուշակելուց առաջ, մեծ փոփոխությունների գնալու համար սկզբում այդ հենման կետը պետք է ստեղծենք։ Բոլոր ջանքերը նախ և առաջ պետք է դնել հանրային տրամադրությունները փոխելու համար։

Բոլորիս ընդհանուր գործն է՝ բացատրել ժողովրդին, թե ինչի´ մասին են այս ընտրությունները։ Ժողովուրդը դեռևս չի հասկանում, որ դրանք Հայաստանում ապրելու՝ իր հնարավորության մասին են։

Եթե սա չարեցինք, վաղը կարող է ուշ լինել։ Վաղը բոլոր մերկանտիլ հաշվարկները չեն իրականանալու, ու կանգնելու ենք այլանդակ իրականության առաջ։

Ի՞նչ եք կարծում, եթե հասարակությունը չի ընդվզում, երբ իմանում է, որ իր ընտանիքը, իր երեխան շնչում են քաղցկեղածին օդ, և շարունակում է հանգիստ ապրել, կարո՞ղ է գիտակից ընտրություն կատարել։

Երբ մի հասարակություն իմանում է, որ իր իշխանությունը մերժել է 2019-ին խաղաղ կարգավորման՝ միջնորդների առաջարկը, ինչը բերել է պատերազմի, զոհերի ու ազգային ստորացման, և չի ընդվզում, շարունակում է իր հանգիստ կենցաղը, կարո՞ղ է ընտրություններին քվեարկել որպես պատվախնդիր քաղաքացի։ Պատասխանը կարող է լինել և´ այո, և՝ ոչ։ Պատասխանն իրականում կախված է ընդդիմադիր դաշտի ադեկվատ աշխատանքից։

Եթե առաջիկա ամիսներին ընդդիմադիր մեծ համայնքը ճիշտ աշխատի, ապա կա մեծ շանս, որ ընտրությունների շեմին ունենանք փոփոխությունների պատրաստ, իր քվեի արժեքն իմացող հասարակություն։ Եթե շարունակենք աշխատել այսպես, ապա՝ ոչ։

Պատերա՞զմը դարձրեց մեր հասարակությունն ու մեր էլիտաներին այսպիսին, թե՞ մեր հասարակության և էլիտաների որակը դարձան պատերազմի ու այսպիսի անկման պատճառ։

Այս հարցի պատասխանն էլ կիմանանք ընտրություններից հետո։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը