Աշխարհ

08.01.2026 11:14


Հալեպում բախումների հետևանքով հայաբնակ թաղամասերում նյութական վնասներ են արձանագրվել, վիրավորներ չկան

Հալեպում բախումների հետևանքով հայաբնակ թաղամասերում նյութական վնասներ են արձանագրվել, վիրավորներ չկան

Հալեպում քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև շարունակվող բախումների և ռմբակոծության հետևանքով Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում նյութական վնասներ են արձանագրվել, վիրավորներ չկան։

Այս մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» թերթը։

«Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են»,-գրում է թերթը։

Ներկայում Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում։ Մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում»,-նշվել է հրապարակման մեջ։

Բերիո թեմի ազգային վարչության ատենապետ և խոսնակ Ժիրայր Ռեիսյանն իր հերթին նշել է, որ իրավիճակը քաղաքում շարունակում է լարված մնալ։

Նրա խոսքով՝ հունվարի 7-ին Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերում սպասվում էին ծանր բախումներ, սակայն մինչև երեկո բախումները չեն զարգացել, մերթընդմերթ պայթյունների ձայներ են լսվել։

Ռեիսյանը հավելել է, որ Հալեպի մի շարք մզկիթների և այլ հաստատությունների սրահներ պատրաստվել են՝ որպես ապաստան բնակիչներին տրամադրելու նպատակով։

Նա ընդգծել է, որ Նոր Գյուղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը նույնպես պատրաստվել է, որպեսզի հարկ եղած դեպքում տրամադրվի հայ ընտանիքների։

«Հալեպահայությանը հեռախոսահամարներ են փոխանցվել ցանկացած դժվարության կամ կարիքի դեպքում օգնություն ապահովելու համար։ Սիրիայի օգնության խաչ բժշկական կենտրոնը շարունակում է բաց մնալ՝ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով»,- նշել է նա։

Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։

Այս խորագրի վերջին նյութերը