Կարծիք

14.01.2026 16:03


Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ)

Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ)

Նախորդ մասը՝ հղումով

Այսօրվա բողոքի ալիքի գլխավոր կարգախոսներից է դարձել Իրանի ներկայիս քաղաքական համակարգի փոփոխության պահանջը, որն ակտիվորեն աջակցվում է նաև «դրսից» և, մասնավորապես, ԱՄՆ-ից և Իսրայելից:

Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ներկայիս Իրանի քաղաքական կառավարման համակարգը, և ի՞նչ են պահանջում փոխել իշխանության ընդիմախոսները:

Իրանը այն եզակի երկրներից է, որտեղ գործում է թեոկրատական կառավարումը

1979 թվականին ընդունված սահմանադրության համաձայն՝ Իրանը իսլամական հանրապետություն է։

Պետության գլուխը Գերագույն առաջնորդն է։ Նա որոշում է երկրի ընդհանուր քաղաքականությունը։ Ռահբարը նաև Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարն է։ Այսօրվա Իրանի ռահբարը Խոմենեին է:

Նա նշանակումումներ է կատարում պետությանկարևորպաշտոններում՝

-դատարաններինախագահներին,

-ոստիկանությանպետին

- զինվածուժերիբոլորզորքերիհրամանատարներին,

-Սահմանադրությանպահապաններիխորհրդիտասներկուանդամներիցվեցին:

Իր հերթին ռահբարը նույնպես ընտրվում է, սակայն, ոչ թե ուղիղ ընտրությամբ բնակչության կողմից, այլ այսպես կոչված Փորձագետների խորհրդի կողմից և հաշվետու է այդ կառույցին:

Փորձագետների խորհուրդը Իրանի հատուկ կառավարական մարմին է, որն ընտրում է երկրի գերագույն առաջնորդին։ Այն բաղկացած է 88 մոջթահիդներից, որոնք իրենց հերթին, ընտրվում են երկրի ողջ բնակչության կողմից՝ ութ տարի ժամկետով։

Այդ 88 մոջթահիդներն իսլամական աստվածաբաններ են, որոնց փաստացի գլխավոր առաքելությունը երկրի գլխավոր առաջնորդ ընտրելն է:

Այսպիսով, երկրի ռահբարը, անուղղակի ընտրվում է ողջ բնակչության կողմից, որտեղ միջնորդի դերում են լինում երկրի ամենա հեղինակավոր իսլամական աստվածաբանները: Այդ իմաստով, Իրանի կառավարման համակարգը տարբերվում է, թե ավանդական դեմոկրատական համակարգից և թե միապետությունից, որն առկա էր այդ երկրում, մինչև 1979 թվականը:

Իրանում երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան նախագահն է։ Նախագահը փաստացի, հանդիսանում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը։

Ինչպես, օրինակ կիսանախագահական ընտրություններում, այդ դերը կատարում են վարչապետերը:

Հիմնական հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են միայն Գերագույն առաջնորդի հաստատմամբ: Նախագահը նշանակում է Նախարարների խորհրդի անդամներին և համակարգում է կառավարության աշխատանքը:

Տասը փոխնախագահներ և 21 կառավարության նախարարներ հաստատվում են խորհրդարանի կողմից: Չնայած պաշտպանության և հետախուզության նախարարներին նշանակում է նախագահը, այս թեկնածությունները պետք է նախապես հաստատվեն Գերագույն առաջնորդի կողմից:

Նախագահն ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով: Նախագահի թեկնածուները պետք է նախապես հաստատվեն Պահապանների խորհրդի կողմից:

Երկրի պարլամենտը՝ Մեջլիսը, բաղկացած է 290 անդամից, որոնք ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով:

Պարլամենտի պարտականությունների մեջ են մտնում օրենսդրության մշակումը, միջազգային պայմանագրերի վավերացումը և բյուջեի կազմումը: Մեջլիսի բոլոր թեկնածուները հաստատվում են նաև Պահապանների խորհրդի կողմից:

Պահապանների խորհուրդը, իր հերթին, բաղկացած է, ինչպես նշեցինք, 12 անդամից, որոնցից վեցը նշանակվում են Գերագույն առաջնորդի կողմից: Մնացած վեց անդամները նշանակվում են խորհրդարանի կողմից՝ Գերագույն դատարանի գլխավոր դատավորի առաջադրման հիման վրա:

Պահապանների խորհուրդը հաստատում է հիմնական պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահի թեկնածուներին, կառավարության անդամներին և խորհրդարանի անդամներին: Խորհրդի հիմնական պարտականությունն է վերանայել օրինագծերը՝ իսլամական օրենքներին համապատասխանելու համար: Եթե պարզվի, որ դրանք հակասում են շարիաթի օրենքներին, օրինագիծը հետ է ուղարկվում վերանայման: Ավելին, Խորհուրդն իրավունք ունի վետո դնել Մեջլիսի ցանկացած որոշման վրա:

Տեղական կառավարման մարմինները, արդեն ձևավորվում են ավելի ազատ ռեժիմով, որտեղ չկան միջանկյալ կառույցներ, որոնք կկարգավորեին իրենց աշխատանքները:

Այդ համակարգը, իր բովանդակությամբ, նման է Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների տեղական կառավարման համակարգերին:

Երկրի դատական համակարգը կազմված է երեք մասից,

-Ժողովրդական դատարանի, որը քննում է քաղաքացիական և քրեական գործեր

-Հեղափոխական դատարանի, որն քննում է պետության դեմ հանցանքներ և

-Հոգևոր դատարանի, որն քննում է գործեր, որոնք առնչվում են կրոնական հարցերին:

Այս երեք դատարանների ղեկավարներին նշանակում է երկրի ռահբարը:

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ Իրանում երկրի դատական համակարգը, սահմանադրորեն կախված է ռահբարից:

Իրանը ունիտար պետություն է, կազմված է 31 մարզերից, որոնց անվանում են օստաներ:

Ի՞նչ ազգություններ կան Իրանում

Թեև պաշտոնական վիճակագրություն Իրանում ազգությունների քանակի մասին չկա, և այդ պատճառով տարբեր փորձագետներ, տարբեր թվեր են ներկայացնում, միջազգային փորձագիտական շրջանակները իրենց վերլուծություններում հենվում են, այսպես կոչված, ամերիկյան ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչության) համաշխարհային փաստերի գիրքում առկա տվյալների վրա:

Ըստ այդ գրքի՝ Իրանի բնակչության էթնիկական կազմը հետևյալ պատկերն ունի.

- 61% են կազմում պարսիկները ( որոնք սփռված են ողջ երկրով մեկ)

-16 % են կազմում ադրբեջանցիները (հիմնականում ապրում են, Արևելյան Ադրբեջանի, Զանջանի, Արդաբիլի, Ղազվինի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում)

-7 % են կազմում քրդերը ( հիմնականում բնակվում են Քերմանշահի, Քուրդիստանի, Հյուսիսային Խորասանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում)

- 6 % են կազմում մազանդարանցիները (իրանալեզու ժողովուրդ է, ապրում են հիմնականում Մազանդարան նահանգում)

-6 % են կազմում Գիլանիացիները ( իրանալեզու ժողովուրդ է, ապրում է հիմնականում Գիլան նահանգում)

-4 % են կազմում Լուրերը ( քրդերից և պարսիկներից կազմված նոր ժողովուրդ է, ապրում է հիմնականում Լուրեստան և Էլամ նահանգներում)

-3 % են կազմում թուրքմենները (թյուրքալեզու ժողովուրդ է, ապրում է Գոլեստան նահանգում)

-2 % են կազմում Բախտիարները (լուրերին մոտ ժողովուրդ է, ապրում է հիմնականում Չեհարմեհալ և Բախտիարիա, Խուզեստան և Լուրեստան նահանգներում)

- 2 % են կազմում բելուջները (իրանալեզու ժողովուրդ է, սակայն ավանդական քոչվորական մշակույթով, ապրում է հիմնականում Սիստան և Բելուջիստան, Քերման, և Հորմոզգան նահանգներում)

-2 % են կազմում արաբները (ապրում են հիմնականում Խուզեստանի և Հորմոզգանի նահանգներում)

Իրանում ապրում են նաև այլ ազգեր, որոնց թիվը մեկ տոկոսից ավել չէ:

Դրանք են, իրանալեզու թալիշները, հազարաները, փաշթունները, տաջիկներ, ջեմշիդներ:

Թուրքալեզու քաշքայիսները, աֆշարները, չարայմակները, շահսևանները:

Բացի մահմեդական ազգերից, Իրանում ապրում են նաև հայեր, ասորիներ, վրացիներ (ֆերեդանցի մահմեդականացված վրացիներ են), հրեաներ:

Ի՞նչ կարգավիճակ ունեն հայերը Իրանում

Թեև հայերը Իրանում վիճակագրական տեսանկյունից լուրջ թվաքանակ չեն կազմում, այնուամենայնիվ, ներկայացված են այդ երկրի խորհրդարանում: Հայերին է պատկանում խորհրդարանի երկու մանդատը:

Համեմատության համար, նշենք, որ հրեաները, ասորիները և զրադաշտները ունեն մեկական պատգամավորական մանդատներ:

Իրանը երբեք չի եղել դաշնային բնույթի պետություն: Բացի այդ, առանձին լիազորություններ չեն ունեցել նաև այլ կրոնական փոքրամասնությունները, բացի հայերից, հրեաներից և ասորիներից:

Հայերի կարգավիճակը Փեհլեվիի կառավարման ժամանակ

Փեհլեվիների կառավարման ընթացքում հայերն ունեին առանձնահատուկ կարգավիճակ: Վարչական ապարատի ձևավորման ժամանակ, շահի կառավարման ընթացքում, ազգային առանձնահատկությունները հաշվի չէին առնվում, և էթնիկ շրջաններում վարչական աշխատանքներն իրականացվում էին պարսկերենով։ Պարսիկներից բացի, միայն ոչ մուսուլման փոքրամասնություններին՝ զրադաշտականներին, հայ քրիստոնյաներին և հրեաներին էր թույլատրվում, ընտրել իրենց պատգամավորներին մեջլիսում։

Միաժամանակ, շահի ռեժիմը, իրականացնելով իր ազգային քաղաքականությունը՝ միասնական իրանական համայնք կառուցելու համար, օգտագործում էր իրանական ազգայնականության և պանիրանիզմի գաղափարները: Ռեզա Փեհլավիի կառավարության ազգային քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը երկրի ազգային փոքրամասնությունների իրանացումը (պարսկականացումն) էր:

Հետապնդվող հիմնական նպատակը միասնական պարսկախոս իրանական ազգի ստեղծումն էր։ Պարսկերենը Իրանում միակ պաշտոնական պետական ​​լեզուն էր։ Կրթությունը տարվում էր բացառապես պարսկերենով։

Ռեզա Փեհլեվիի գահակալության տարիներին հայ համայնքի վիճակը շատ ավելի դժվար էր, քան նրա որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի գահակալության տարիներին։ Չնայած հայերը որոշակի աստիճանի մշակութային և կրոնական ինքնավարություն ստացան համայնքային գործերում, և խորհրդարանի լրացուցիչ անդամ ընդունվեց Մեջլիս, Ռեզա Փահլավին արգելեց հայերին զբաղեցնել պետական ​​և վարչական պաշտոններ։

Ռեզա Փեհլեվիի հրամանով շատ գյուղեր, որոնք ունեին հայկական, ադրբեջանական, քրդական, բելուջական, արաբական և թուրքմենական աշխարհագրական անվանումներ, փոխվեցին պարսկականների։

Ռեզա Փեհլեվին կասկածանքով էր վերաբերվում հայերին և նրանց կապերին Խորհրդային Հայաստանի հետ:

Ռեզա Փեհլեվիի վախերը կապված էին 1905–1911 թվականների Սահմանադրական հեղափոխության իրադարձությունների հետ, որին ակտիվորեն մասնակցել են նաև հայ ականավոր գործիչներ և՛ Հնչակյան կուսակցությունից, և՛ Դաշնակցությունից։

1909 թվականին Սահմանադրականների նկատմամբ տարած հաղթանակից հետո Ռաշտում հեղափոխական շարժման առաջնորդ Եփրեմ Խան Դավթյանը դարձավ Թեհրանի ոստիկանապետ։

Եփրեմ խանի նշանակումը այս պաշտոնում, որը լիազորություններով համարժեք էր նախարարական պաշտոնի, հաստատեց նրա կազմակերպչական և ռազմական կարողությունները։ Այն նաև լույս էր սփռում այդ ժամանակաշրջանի հեղափոխականների կոսմոպոլիտ բնույթի և այն հնարավորության վրա, որը հեղափոխությունը ընձեռում էր հայերին։

Մոհամմադ Ռեզա Փեհլավիի օրոք հայ համայնքի ներքին ինքնավարությունը լիովին վերականգնվեց։

Հայերի վիճակը Իրանում իսլամական հեղափոխությունից հետո

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո հայերի իրավիճակն Իրանում ավելի հակասական դարձավ:

Մի կողմից՝ հայերը պահպանեցին մշակութային և կրոնական իրավունքները և վայելեցին խորհրդարանական ներկայացուցչություն, ունենալով երկու մանդատ, սակայն կառավարական կառույցներում բախվեցին աճող խտրականության, բարձր պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների ՝ չնայած Իրանի նկատմամբ իրենց պատմականորեն հավատարիմ դիրքորոշմանը: Իրանի Սահմանադրությունը քրիստոնյաներին ճանաչում է որպես «Գրքի մարդիկ», սակայն գործնականում շիական գաղափարախոսական սկզբունքները սահմանափակում են ոչ մուսուլմաններին, այդ թվում՝ հայերին, քաղաքական իշխանությունից:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայերը Իրանում միշտ ունեցել են կայուն դիրքեր, կյանքի տարբեր ոլորտներում, սակայն ոչ պետական կառավարման համակարգում:

Այսօրվա իրադարձությունների համատեքստում, շատերը փորձում են գուշակել, թե կկարողանա այդ երկրի կրոնական վերնախավը պահպանել իր իշխանությունը, թե Իրանին սպասում է քաղաքական համակարգի արմատական փոփոխություն, կամ նույնիսկ երկրի մասնատում:

Այս հարցերի շուրջ լայնորեն քննարկումներ են ընթանում աշխարհի տարբեր կենտրոններում: Վերլուծելով, նաև թե ինչ աշխարհաքաղաքական ազդեցություն կարող են թողնել Իրանի ներքին կյանքում արմատական բնույթի փոփոխությունները:

Այս համատեքստում, մեզ հետաքրքիր է երկու խնդիր:

Կկարողանա՞ արդյոք Իրանը պահպանվել, որպես միասնական պետություն, թե՞ ոչ:

Եթե այո, ապա ի՞նչ համակարգով, իսկ եթե՝ ոչ, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է թողնել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով հայտնի ադրբեջանական գործոնը:

Արտակ Հակոբյան

Շարունակելի
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը