Տնտեսական

26.01.2026 16:51


3 միլիոն դրամ՝ ԱԺ կերուխումի համար

3 միլիոն դրամ՝ ԱԺ կերուխումի համար

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 23-ին պետական բյուջեից հատկացրել է 3 միլիոն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։

Ըստ հրապարակված պայմանագրերի՝ Ազգային ժողովը մեկ պայմանագրով 1 միլիոն դրամ է փոխանցել «Ջուլիետա Սարգսյան» անհատ ձեռնարկատիրոջը, իսկ մեկ այլ պայմանագրով՝ 2 միլիոն դրամ «Պեցցո» ՍՊԸ-ին։

Մասնավորապես, «Ջուլիետա Սարգսյան» ԱՁ-ն պարտավորվել է տրամադրել 9 ծաղկային կոմպոզիցիա՝ պատրաստված տարբեր տեսակի թարմ ծաղիկներից, այդ թվում՝ հոլանդական և էկվադորական բարձրորակ վարդերից։

Ինչ վերաբերում է «Պեցցո» ՍՊԸ-ին, ապա վերջինս 2 միլիոն դրամի շրջանակներում ԱԺ-ին տրամադրել է սննդի լայն տեսականի՝ տաք և սառը խորտիկներ, տաք ուտեստներ և ապուրներ, ալկոհոլային խմիչքներ և կոկտեյլներ, աղցաններ, խավարտներ, աղանդեր, ինչպես նաև միրգ։ Ընդհանուր առմամբ՝ պայմանագրի շրջանակներում նախատեսվել է 51 տեսակի ուտեստի մատակարարում։

Ուշագրավ է, որ կնքված պայմանագրում բացակայում է որևէ հստակ տեղեկություն այն մասին, թե կոնկրետ ինչ միջոցառման համար է նախատեսված նման ծավալի և բազմազանությամբ ճաշացանկը։

Նշենք նաև, որ մամուլում նախկինում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Կոնցեպտ իվենթս», «Գևորգիան կոնցեռն» և «Պեցցո» ՍՊԸ ընկերությունները, որոնք պարբերաբար ներգրավվում են պետական միջոցառումների կազմակերպման գործընթացում, կապվում են նույն անձի՝ Վլադիմիր Գևորգյանի անվան հետ։

Այս խորագրի վերջին նյութերը