Կարծիք

30.01.2026 14:58


Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն

Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն

Օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հարցազրույց տվեց Sky News Arabia-ին, որում խոսեց Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մասին։

Ֆիդանը քննադատեց ԵՄ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, հայտարարելով, թե՝ «Քանի դեռ Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ պահպանում է ինքնության քաղաքականության մտածելակերպը, այս (անդամակցությունը) երբեք իրականություն չի դառնա»։

Ֆիդանի կարծիքով ԵՄ-ն Թուրքիային մերժում է բացառապես այն պատճառով, որ Թուրքիան մահմեդական երկիր է, և եվրոպացիները պատրաստ չեն ինտեգրվել ուժեղ մահմեդական երկրի հետ, քանի որ վախենում են իրենց ապագայից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Եվրամիությունը հաջողությամբ ստեղծել է վերազգային կառույց իր ներսում, սակայն չի կարողացել այն ընդլայնել ավելի լայն մակարդակով: Ֆիդանի խոսքով՝ ԵՄ-ն չի կարողացել դառնալ «վերքաղաքակրթական» միություն և շարունակում է Թուրքիան ընկալել որպես «օտարերկրյա»՝ կրոնական և քաղաքակրթական հիմքերով։

Սակայն, ըստ Ֆիդանի, վերջին ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ի նախագահ՝ Թրամփը հրապարակավ հայտարարում է, որ եվրոպացիները ավելի ինքնուրույն պիտի ապահովեն իրենց անվտանգությունը Ռուսաստանից, ապա եվրոպացիները չեն կարողանա այն կյանքի կոչել՝ առանց Թուրքիայի օժանդակության:

Այսօր թուրքական բանակը համարվում է իր հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը՝ ԱՄՆ-ի բանակից հետո:

Եվ այդ տեսանկյունից, ըստ թուրքերի, եվրոպացիները չեն կարող հաշվի չնստել այդ հանգամանքի վրա, եթե իսկապես մտահոգված են «ռուսական վտանգից»:

Այդ իսկ պատճառով էլ, Ֆիդանը եվրոպական երկրներին առաջարկում է համատեղ քննարկել ապագա անվտանգության կառուցվածքը, մանավանդ, որ ըստ նրա, ՆԱՏՕ-ն ներկայումս ունակ է արդյունավետ գործել և մնում է անվտանգության համագործակցության հիմնական հարթակ։

«Եթե Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան և այլ խոշոր եվրոպական երկրներ կարողանան անկախ որոշումներ կայացնել, մենք ստիպված չենք լինի թեքվել դեպի ԱՄՆ-ը, Չինաստանը կամ Ռուսաստանը», - նշում է Ֆեդանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ Եվրոպան այժմ ընտրության առաջ է կանգնած. կա՛մ շարունակել հույսը դնել ԱՄՆ-ի «անվտանգության հովանոցի» վրա, կա՛մ ստեղծել իր սեփական ուժի կենտրոնը, որը կարող է ապահովել ամբողջ Եվրատարածաշրջանի անվտանգությունը։

Փորձագետների կարծիքով, Թուրքիան, օգտվելով ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում շուրջ ճգնաժամից, կապված Գրենդլանդիայի և Ուկրաինայի խնդիրների վերաբերյալ հակասություններով, փորձում է լրացնել այդ բացը և համոզել եվրոպացիներին, որ առանց Թուրքիայի նրանք չեն կարողանա ապահովել իրենց անվտանգությունը Մոսկվայից, և ուրեմն՝ պիտի հաշտվեն Թուրքիայի դերի հետ նաև իրենց ծրագրերում:

Մեր կողմից նշենք, որ ԱՄՆ-ի անվտանգության հայեցակարգի հրապարակումից հետո, երբ պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում, անխուսափելիորեն մեծանալու է Թուրքիայի դերակատարումը եվրոպացիների համար, քանզի վերջիններս, փչացնելով իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ, պետք է փնտրեն նոր անվտանգային հենակետ և այս հարցում Թուրքիան կարող է այդ բացը լրացնել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը