Քաղաքական

31.01.2026 10:14


Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ

Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ

«Վաղարշապատում իշխանության առաջին քայլերից մեկը սեփական աշխատավարձերի բարձրացումն էր։ Ավագանու նիստում համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացվել է 20 տոկոսով՝ 590․000 դրամից հասնելով 710․000 դրամի։ 20 տոկոսով բարձրացվել են նաև համայնքի ղեկավարի տեղակալների և խորհրդականների աշխատավարձերը, համայնքապետարանի ավելի ցածր դասի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը կազմել է միջինում 5 տոկոս։ Իսկ անվտանգության աշխատակիցների և մաքրուհիների աշխատավարձը մնացել է նույնը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասել է Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները տեղեկացված չեն, որ բազմաթիվ խնդիրներ լուծելու փոխարեն, քաղաքային իշխանությունն առաջին հերթին հոգացել է ի՛ր աշխատավարձերի բարձրացման մասին․

«Եթե քաղաքացին անձամբ չի մասնակցում ավագանու նիստերին, ապա չի էլ կարող իմանալ, թե ինչ որոշումներ են ընդունվում։ Այլ տարբերակ չկա, քան քաղաքապետարանին պաշտոնական հարցում ուղարկելը կամ սպասելը, որ ավագանու անդամները բարձրաձայնեն այդ թեմաները։ Մենք՝ որպես ընդդիմադիր ավագանի, հենց դա էլ անում ենք՝ բարձրաձայնում ենք, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն։ Ըստ օրենսդրության, 75․000 և ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատավարձը կարող է լինել Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի մինչև 85․5 տոկոսի չափով։ Սակայն օրենքում նշված չէ, որ դա պարտադիր առավելագույնն է, և նվազագույն շեմ նույնպես սահմանված չէ։ Այսինքն՝ կար հնարավորություն կա՛մ ընդհանրապես չբարձրացնել աշխատավարձը, կա՛մ բարձրացնել նվազագույն չափով։ Մենք այդ հարցը բարձրացրինք՝ ինչո՞ւ է ընտրվել հենց առավելագույն՝ 85․5 տոկոսը։ Քմծիծաղով պատասխանեցին․ «Այդպես ենք որոշել»։ Քանի որ իրենք ավագանու մեծամասնությունն են, մեր «դեմ» քվեարկությանը հակառակ, նախագիծն ընդունվեց»,-պատմել է ավագանու անդամը։

Վաղարշապատի քաղաքային իշխանությունը ևս մեկ որոշում է ընդունել, որով թանկացրել է մանկապարտեզների երկարօրյա խմբերի վճարը՝ լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով համայնքի բնակիչների, հատկապես երիտասարդ ընտանիքների վրա։

«Ըստ 2025 թվականի բյուջեի, մանկապարտեզի երկարօրյա խմբի վարձը սահմանված էր 12․000 դրամ, բայց, ըստ էության, այդ դրույթը չի գործել, իսկ քաղաքապետը հստակ պարզաբանում չտվեց՝ ինչու։ Այժմ որոշում է կայացվել, որ վճարը դառնա 15․000 դրամ։ Մանկապարտեզների վճարը բարձրացնելու որևէ հիմնավորում չի ներկայացվել, դա պարզապես իշխանության քաղաքական ձեռագիրն է՝ ամեն ինչ թանկացնել։ Երբ 2025 թվականին տեղի ունեցավ համայնքների միացումը, պետական բյուջեից Վաղարշապատ համայնքին հատկացվեց մոտ 3․6 միլիարդ դրամ դոտացիա։ Միևնույն ժամանակ, մանկապարտեզների համար քաղաքացիներից գանձվող գումարը կազմում է մոտ 200 միլիոն դրամ, մինչդեռ բյուջեից դրանց սուբսիդավորումը հասնում է շուրջ 800-860 միլիոն դրամի։ Այդ նույն ժամանակ 2026 թվականի բյուջեով շուրջ 230 միլիոն դրամ նախատեսվում է պարգևավճարների համար։ Այս ամենը ցույց է տալիս, որ լիովին հնարավոր է այդ գումարների վերաբաշխման հաշվին մանկապարտեզները դարձնել անվճար՝ մոտ 2000 երեխայի համար, ինչը համայնքի համար մեծ, բայց իրագործելի քայլ է։ Դեռևս նախընտրական շրջանում խոստացել էինք Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար, և նախագիծն արդեն իսկ ներկայացրել ենք ավագանու հաստատմանը»,-ասել է Խաչիկյանը։

Հարություն Խաչիկյանի խոսքով՝ շարունակելու են իրազեկել հանրությանը, քանզի իրենց արձագանքներից հետո համայնքապետարանը որոշ դեպքերում հետքայլ է անում։

Այս խորագրի վերջին նյութերը