Կարծիք

06.02.2026 17:21


Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)

Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում էր գտնվում փետրվարի 5-ին՝ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Այցելությունից կարճ ժամանակ առաջ, նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «հիբրիդային պատերազմ» տերմինը անտեղի է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները նկարագրելիս, սակայն կան մտահոգություններ, որոնք Երևանը բացահայտ կերպով նշում է։

Հիշեցնենք, որ հենց Սիմոնյանն էր անցյալ տարվա գարնանը հայտարարել, թե իբր Մոսկվան Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ է» սկսել:

Նրա այս ձևակերպումները ոչ մեկին չեն զարմացրել, քանի որ հենց նա է համարվում Փաշինյանի թիմի ամենահետևողական հակառուսական տրամադրված գործիչներից մեկը:

Ռուսական կողմը նրան հրավիրել էր մեկ պատճառով. ցույց տալ Փաշինյանի վարչակազմին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և իրենք կարող են դիմել «կոշտ միջոցների»:

Մոսկվայի նման քայլը նաև պայմանավորված է Հայաստանում սպասվող հերթական ընտրություններով, որտեղ Փաշինյանի թիմը փորձելու է խաղարկել «հակառուսական խաղաթուղթը»:

Այն, որ դա այդպես է, տեսանելի է իշխող թիմի լրատվամիջոցներում:

Ավելին, ռուսները զայրացած են, որ հենց Փաշինյանի թիմի խնդրանքով է ԵՄ ԱԳ հանձնակատար Կայա Կալասը հայտարարել, որ Մոսկվան վարում է Հայաստանի դեմ, իբր, «հիբրիդային պատերազմ»:

Ալեն Սիմոնյանի այն պնդումը, թե՝ «Հայաստանը որևէ քայլ չի կատարելու Ռուսաստանի դեմ», ոչ մեկին չհամոզեց:

Քանզի, ըստ ռուսական դիտորդների, արդեն Մոսկվան հասկացել է, որ Փաշինյանը վարում է իրեն բնորոշ «օրվա քաղաքականություն»:

Նրա խոսքերին Մոսկվայում զրոյական վստահությամբ են վերաբերվում:

Մանավանդ, որ Փաշինյանը ցույց է տվել, որ պայմանավորվածությունների և իր խոստումը պահելու առումով, խիստ անվստահելի գործիչ է:

Իսկ անցյալ տարի, երբ Փաշինյանի կառավարությունը օրենք ընդունեց ԵՄ-ին միանալու վերաբերյալ, վերջնականապես ցույց տվեց, թե ով է իրականում Փաշինյանը և ինչ նպատակներ է հետապնդում:

«Մարդ, ով հանձնել է սեփական երկրի տարածքը և անտուն է թողել 120 հազար իր համաերկրացիների, առավել ևս կհանձնի իր ռազմավարական գործնկերոջը և դա փայլուն հասկանում են Կրեմլում», -ասաց ռուս փորձագետներից մեկը, ով մոտ է կանգնած Կրեմլին:

Ըստ նրա՝ Կրեմլում արդեն որևէ պատրանք (իլյուզիա) չկա Փաշինյանի հանդեպ:

Այստեղ քաջ գիտակցում են, որ ներկա դրությամբ Փաշինյանը վախենում է բաց ձևով հակադրվել Մոսկվային՝ զուտ գալիք ընտրություններով պայմանավորված: Եվ Մոսկվայում բոլորն են հասկանում, որ եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, ապա թե՛ Հայաստանի վիճակը, որպես պետություն, խիստ կվատթարանա, թե՛ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում էլ ավելի կթուլանան:

Ահա թե ինչու են Անկարան և Արևմուտքը ամեն գնով ցանկանում, որ Փաշինյանը վերարտադրվի:

Այլ հարց է, որ իրավիճակն այն աստիճանի պարզ է, որ Մոսկվայում չեն հավատում, որ հայ ժողովուրդը կընտրի սեփական ինքնաոչնչացումը:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հանդեպ անվստահությանը, որն այսօր առկա է Հայաստանում, ապա ըստ ռուս այդ փորձագետի, այստեղ երկկողմանի մեղավորություն կա, որը չի կրում էքզիստենցիալ բնույթ:

Հետաքրքիր էր, որ Մոսկվա այցի ժամանակ, թույլ էր տրված Սիմոնյանի այցի կապակցությամբ բողոքի ցույցեր կազմակերպել: Մի բան, ինչին ռուսական իշխանությունները միշտ զգուշորեն են վերաբերվել:

Մինչդեռ այս անգամ, այդ ցույցերը թույլ էին տվել անցկացնել:

Ռուս փորձագետների կարծիքով, առանձնակի սուր էին նաև Լավրովի հետ հանդիպման ընթացքում վերջինիս գնահատականները:

Այստեղ էլ, ռուս փորձագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ Փաշինյանի իշխանության հանդեպ Մոսկվայում հենց այդ երկրի ԱԳՆ-ում են համեմատաբար ավելի լոյալ վերաբերվել:

Հենց այդ պատճառով էլ՝ Լավրովը այս այցի ընթացքում փորձեց ցույց տալ, որ այդ փուլն արդեն ավարտված է, և Փաշինյանի իշխանությունն այլևս չի կարողանալու շարունակել խաբել Կրեմլին, և, մասնավորապես, իրեն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը