Կարծիք

10.02.2026 11:35


Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Պետք է նշել, որ այս այցը վաղուց էր ծրագրված և նպատակ էր հետապնդում միս ու արյուն տալ այն պայմանավորվածություններին, որոնք կնքվեցին անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Թրամփի, Փաշինյանի և Ալիևի կողմից:

Իրականում դա ոչ թե ստորագրում էր, այլ նախաստորագրում էր՝ ապագա խաղաղ պայմանագրի համար:

Իսկ այդ փաստաթղթի գլխավոր իմաստը Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի հարցի լուծումն էր:

Բանն այն է, որ թուրքերը երկար էին համոզում ամերիկացիներին, որ Ադրբեջանը կարող է լուրջ դերակատարում ունենալ ԱՄՆ-ի համար, եթե կարողանա անմիջական կապ ունենալ Նախիջևանի և, վերջինիս միջոցով, նաև Թուրքիայի հետ:

Այդ քայլով նշում էին թուրք վերլուծաբանները, Ադրբեջանը կազատվի Իրանի և Ռուսաստանի կապանքներից և կկարողանա ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել:

Մինչև արցախյան կոնֆլիկտը Ադրբեջանն այդ հնարավորությունը չուներ:

Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ կնքվեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Ադրբեջանը հույս ստացավ, որ կկարողանա այդ կապն ունենալ և ազատվել Իրանից կախվածությունից:

Սակայն ԱՄՆ-ին և ԵՄ-ին դա շահավետ չէր: Նրանց պետք էր, որ Ադրբեջանը չունենա կախվածություն ո՛չ Իրանից, ո՛չ էլ Ռուսաստանից:

Բայց դրան խանգարում էր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:

Հենց այդ պատճառով նրանք Փաշինյանի միջոցով փաստացի լուծարեցին այն, ինչ մնացել էր Արցախից 2020 թվականի պատերազմից հետո, իսկ դրանից հետո նույն Փաշինյանի միջոցով Ադրբեջանին տվեցին այդ բաղձալի հնարավորությունը՝ կապ հաստատել Նախիջևանի հետ:

Հայաստանին որպես քաղաքական կաշառք տրամադրում են ինչ-որ ներդրումներ խաղաղ էներգիայի ոլորտում, սակայն այդտեղ էլ նպատակ են հետապնդում դուրս մղել Ռուսաստանին՝փաստացի նոր ատոմակայանի (մոդուլային) կառուցումը տրամադրելով ամերիկացիներին:

Վենսի այցի գլխավոր և հիմնական մասը Ադրբեջանում է լինելու, որտեղ ԱՄՆ-ն պատրաստվում է այդ երկրի հետ կնքել լրջագույն պայմանագրեր ռազմական ոլորտում:

Փաստացի, ԱՄՆ-ն վերացրել է 907 բանաձևը, և նպատակ ունի Ադրբեջանին դարձնել տարածաշրջանի իր գլխավոր ռազմավարական գործնկերը:

Որպես հենակետ դիտվում է նաև Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի դերակատարումը:

Ըստ ամերիկացիների՝ Թուրքիան և Ադրբեջանը իրար հետ պիտի կարողանան փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական բալանսը:

Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա այս երկիրը հրաժարվեց դառնալ Ադրբեջանի տարածաքշրջանային «տակդիրը», ի տարբերություն Հայաստանի, և այդ իսկ պատճառով Թբիլիսիի հանդեպ ամերիկացիները կփորձեն վարել ավելի զգույշ քաղաքականություն:

Ինչ վերաբերվում է Հայաստանի դերին, ապա այն դառնում է այս կոնֆիգուրացիայի դեպքում ավելորդ օղակ, որի վերացումը կդառնա ժամանակի խնդիր:

Իհարկե, մինչայդ հայ քաղքենիներին կկերակրեն գեղեցիկ ծրագրերով (9 մլրդ, 18 մլրդ), ինչպես որ ժամանակին, Փաշինյանն էր խոստանում արցախցիներին՝ Ստեփանակերտի հրապարակում:

Մի անգամ, 100 տարի առաջ, նույն ամերիկացիները խոստացան Հայաստանին աջակցել Թուրքիայի դեմ պատերազմում՝ պայմանով, որ Երևանը չէր համագործակցի բոլշևիկյան Ռուսաստանի հետ:

Հայերն այն ժամանակ համաձայնվեցին և կանգնեցին կոտրած տաշտակի առջև, երբ պարզվեց, որ թուրքական ներխուժամը ամերիկացիները չէին կարող զսպել:

Հետո նույն ԱՄՆ-ն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության եկան Լոզանում Աթաթուրքի հետ, իսկ Հայաստանը դրա արդյունքում կորցրեց Նախիջևանն, Արցախը ու Կարսը և քիչ էր մնում կորցներ ողջ Հայաստանը, եթե ժամանակին ռուսները ուշացնեին մտնել Հայաստան:

Արդյունքում մենք այն ժամանակ կորցրեցինք վերը նշված տարածքները, սակայն 100 տարի անց որևէ հետևություն չարեցինք:

Որովհետև հայ քաղքենու վտանգը չզգացինք և չհասկացանք, որ հանրային արժեքները մոնետիզացնելով ոչնչի չենք հասնի:

Սակայն այսօր մենք իրավունք չունենք նույն սխալը կրկնելու, քանի որ 21 դարում այլևս ոչ ոք մեր նոր սխալի համար, նոր նվեր չի տա:

Ինչ վերաբերվում է ամերիկացիների շահերին, ապա տրամաբանական է, որ իրենք պիտի առաջ տանեն իրենց շահը:

Մենք էլ մեր կողմից պիտի մեր շահը առաջ քաշենք, մանավանդ, որ մենք էլ այս աշխարհում միայնակ չենք:

Սակայն դրա համար առաջին հերթին պիտի կարողանանք փոխել այս իշխանությունը, որպեսզի կարողանանք կրկին դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն հիմնական կենտրոնները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը