Քաղաքական

16.02.2026 09:55


Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ելույթը կուսակցության համաժողովում։

***

Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները գոյաբանական բնույթ ունեն: Օրակարգում լինել-չլինելու հարցն է: Ներքին ու արտաքին խնդիրները միախառնված են և լուծումներ են պահանջում: Ալիև Հայաստանը դիտարկում է որպես արևմտյան Ադրբեջան: Պաշտոնական Երևանը սպասարկում է Ալիևի ծրագրերը:

Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը հիմնական մարտահրավերներից մեկն է: Մեր ժողովրդին խաբում են, թե, իբր, խաղաղություն են բերել, բայց դա մեծագույն խաբեություն է:

Խաղաղությունը խոսքերով չի լինում: Խաղաղությունը միակողմանի ու անվերջ զիջումներով չի լինում: Խաղաղությունը մուրալով չի լինում: Խաղաղությունը ինքնախաբեությամբ կամ ավելի ճիշտ՝ ժողովրդին խաբելով չի լինում:

Մենք պետք է մեր հին ու նորագույն պատմությունից դասեր քաղենք:

Երբ մեր ստեղծագործական թիմը նկարահանում էր «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, ինձ մոտ դեժա վյուի էր: Առաջվա պատկերները այսօրվա իրադարձություններն էին հիշեցնում:

Հիմա նույնը տեղի է ունենում մեր օրերում: Էլի կեղծ պատրանքներ, կեղծ հույսեր, անմիաբանություն և կորուստներ: Բայց կա մեկ էական տարբերություն: Եթե 100 տարի առաջ կար փորձի պակաս, ռոմանտիզմ, միամտություն, ապա հիմա ամեն ինչ գիտակցված է արվում:

Նիկոլ Փաշինյանն Արցախը գիտակցված ու դավադրաբար հանձնելուց հետո անցել է Հայաստանին: Եվ այդ ամենը հանուն աթոռի, հանուն սեփական կաշվի փրկության:

Հիմա Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ ու հանել աճուրդի:

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեզ իրական ու երաշխավորված խաղաղություն է պետք: Իսկ դա հնարավոր չէ ՔՊ-ական իշխանության պարագայում:

«Մայր Հայաստանը» ունի երաշխավորված խաղաղություն ապահովելու իր հստակ պատկերացումները: Դրանք կյանքի կոչելու համար մեզ քաղաքական փոփոխություններ են պետք:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն այդ առումով ճակատագրական նշանակություն են ունենալու: Մենք պետք է համախմբված լինենք: Պառակտված հասարակությունը հարմար թիրախ է թշնամիների համար: Մեզ անհրաժեշտ է միասնականություն, վճռականություն, սկզբունքայնություն, կամք: Մենք այդ ամենն ունենք: Կոչ ենք անում մեր ժողովրդին միանալ: Միանալ, որ փոխել:

Այս խորագրի վերջին նյութերը