Կարծիք

20.02.2026 11:45


Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում

Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում

Եվ այսպես. ամփոփենք այս 13 տարիների ընթացքում Իվանիշվիլու կառավարման տարիների ընթացքում Վրաստանի սոցիալ-տնտեսական արդյունքները, որպեսզի մեզ համար էլ հասկանալի դառնա, թե ինչ պոտենցիալ փոփոխության կարելի է հասնել Հայաստանում, եթե հետփաշինյանական ժամանակաշրջանում մեր երկրում լինի խելամիտ իշխանություն:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլու իշխանությունը փոխվեց 2012 թվականին, հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Իշխանության եկավ մեծ քաղաքական դաշինք, որի կազմում էին այն ժամանակվա վրացական քաղաքական վերնախավի հիմնական ներկայացուցիչները:

Ի դեպ, այն ժամանակ էլ, 2012-ին Իվանիշվիլու թիմը հանդես եկավ մեկ կուսակցության ձևաչափով:

Իսկ մինչ այդ, 2011-ի դեկտեմբերին, ստեղծվել էր նմանատիպ հարթակ, որտեղ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ներկայացնում էին ապագա Վրաստանի իրենց տեսլականները:

Եվ մի քանի ամիս անց, 2012-ի մայիսին նրանք բոլորը համախմբվեցին մեկ կուսակցության մեջ, որը կոչվեց՝ «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցություն, որն էլ մասնակցեց 2012-ի հոկտեմբերի 1-ին հերթական խորհրդարանական ընտրություններին և ջախջախիչ հաղթանակ տարավ:

Թեև «Վրացական երազանք»-ը և նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հաճախ մեղադրվում էին ռուսամետ դիրքորոշման մեջ վրացական ընդդիմության կողմից, քանի որ կուսակցությունը ձգտում էր պրագմատիկ հարաբերությունների Ռուսաստանի հետ։ Այնուամենայնիվ, վրացիները այն համարեցին իրատեսական դիրքորոշումներ ունեցող ուժ, որը կբալանսավորեր Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Ավելին, շատ վերլուծաբաններ համոզված են, որ հենց այդ պատճառով Վրաստանին հաջողվեց նախ՝ 13 տարի ապրել խաղաղ պայմաններում, և ապա՝ երկիրը կարողացավ դառնալ զարգացող սոցիալական պետություն:

Ի՞նչ նպատակների հասավ «Վրացական երազանքը» այս 13 տարիների ընթացքում

Եթե 2012-ին Վրաստանի ՀՆԱ-ն կազմում էր 16.8 մլրդ դոլար, ապա 2025-ին այն հավասար էր 37.4 մլրդ-ի:

Այսինքն, 13 տարվա ընթացքում Վրաստանի ՀՆԱ-ն աճեց ավելի քան երկու անգամ:

2012-ին ՀՆԱ-ի ցուցանիշը մեկ շնչին կազմում էր 4100 դոլար, 2025-ի դրությամբ այդ ցուցանիշը հավասար էր արդեն 10126 դոլարի:

Այսինքն, Իվանիշվիլու թիմի կառավարման ընթացքում Վրաստանի բնակչության կենսամակարդակը բարձրացավ 2.5 անգամ:

Դրան գումարենք նաև այն, որ Սաակաշվիլու կառավարման ընթացքում Վրաստանը ստացել էր 2 մլրդ դոլար նվեր և այդքան էլ՝ անտոկոս վարկ:

Իվանիշվիլու ժամանակ Վրաստանը նույնիսկ անտոկոս վարկ չի ստացել:

2021-ից սկսած՝ Վրաստանը ցույց է տալիս ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշները, ոչ միայն հետխորհրդային, այլև՝ եվրոպական տարածքում:

Մասնավորապես, 2021-ին աճը կազմել էր 10.6 տոկոս, 2022-ին՝ 11 տոկոս, 2023-ին՝ 7.8 տոկոս, 2024-ին՝ 9.4 տոկոս, 2025-ին՝ 7.2 տոկոս:

Նման ցուցանիշներ այսօր աշխարհում շատ քիչ երկրներ ունեն:

Վրաստանի տնտեսության աճն, օրինակ անցյալ տարի, Հայաստանից բարձր էր 50 տոկոսով (Հայաստանում 4.8 տոկոս էր կազմում):

Ինչով է դա պայմանավորված, նույնպես հասկանալի է:

Այդ երկիրը վարում է հավասարակշռված քաղաքականություն երկրից դուրս: Երկրում 13 տարի է, ինչ պատերազմ չկա:

Իսկ երկրի ներսում գործում է տարածաշրջանի, հետխորհրդայի և եվրոպական տարածքների ամենացածր հարկային համակարգը:

Այդ իսկ պատճառով, այսօր Վրաստանը համարվում է ներդրումների առումով ամենագրավիչ երկրներից մեկը:

Բերենք ընդամենը մի քանի թվեր:

Վրաստանում ԱԱՀ գործող ընկերությունները հարկվում են հետևյալ կարգով.

-ԱԱՀ-ն կազմում է 18 տոկոս (Հայաստանում 20 տոկոս է)

-Շահութահարկը կազմում է 15 տոկոս (Հայաստանում 18 տոկոս է)

-Եկամտահարկը կազմում է 20 տոկոս (Հայաստանում նույն թիվն է):

Բնակարանների և սեփական տների վրա գույքահարկ Վրաստանում գոյություն չունի (Հայաստանում Փաշինյանի իշխանությունը անգամներով բարձրացրեց այդ հարկատեսակը):

Կարծում ենք, որ այս թվերի հրապարակումից հետո հասկանալի է դառնում, թե ինչու են ներդրումները գնում Վրաստան, այլ ոչ թե՝ Հայաստան:

Մինչդեռ Հայաստանում հարկերը է՛լ ավելի ցածր պիտի լինեին՝ հաշվի առնելով Վրաստանի լոգիստիկ առավելությունները (մասնավորապես, ծովի առկայությունն ու աշխարհագրական դիրքը):

Ի դեպ, նշենք նաև, որ արտասահմանյան ընկերությունների համար Վրաստանում գործում են տարբեր տեսակի արտոնություններ, որոնցից ամենացցունն այն է, որ այդ ընկերություններում աշխատողների եկամտահարկը կազմում է, ոչ թե 20 այլ 5 տոկոս:

Փոքր բիզնեսի արտոնությունների մասին

Այս երկրում, ԱՁ-ները և այն ընկերությունները, որոնց շրջանառությունը տարեկան ոչ ավելին է, քան՝ 500.000 լարին (այսինքն՝ մոտ 185 հազար դոլարը), հարկվում են շրջհարկի 1 տոկոսի չափ:

Տարեկան մինչև 30.000 լարի շրջանառության դեպքում (մոտ 12 հազար դոլար), ընդհանրապես հարկ չեն տալիս:

Հարկ է նշել նաև այն, որ այն ընկերություններն ու ԱՁ-ները, որոնք գործում են գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում, իրենց շրջհարկով հարկվելու շեմը մինչև 700.000 լարիի շրջանառությունն է (այսինքն՝ մինչև 260 հազար դոլարի դեպքում):

Նշենք նաև, որ որոշ ոլորտներում գործում են նաև հաստատագրված հարկատեսակներ:

Ավելին, եթե ընկերությունն, օրինակ գործում է շրջհարկի ռեժիմի մեջ և տարվա ընթացքում գերազանցում է 500 000 լարիի սահմանը, ապա այն ավտոմատ չի հայտնվում դրանից դուրս՝ ԱԱՀ-ի դաշտում:

500 000-ից ավել գումարը սկսում է հարկվել ընդամենը 3 տոկոսի չափով:

Եթե ընկերությունը երկու տարի անդընդմեջ կիրառում է նման պրակտիկա (500 000-ից ավելի), միայն այդ դեպքում է այն հայտնվում ԱԱՀ -ի դաշտում:

Հայաստանում, ամոթ է ասել, սակայն նույնիսկ շրջհարկի 5 տոկոսը դարձրեցին 10 տոկոս (տարբեր ոլորտներում գործող տարբեր հարկերը ավելացրին ուղիղ երկու անգամ):

Հենց այդ պատճառով էլ Վրաստանում բնակչության զգալի մասը փորձում է օգտվել այս արտոնություններից:

Օրինակ, Վրաստանի ձեռնարկատերերի գրանցամատյանի տվյալներով՝ ներկայումս գրանցված անհատ ձեռնարկատերերի թիվը կազմում է 643,834։

Սա այն ցուցանիշն է, որի մասին կարելի է ասել, որ պետությունն ամեն ինչ անում է, որ իր քաղաքացին կարողանա օրինական կարգով աշխատել, հարկեր տալ և գոհ մնալ պետությունից:

Կարելի՞ է դա կիրառել նաև Հայաստանում: Իհարկե, հնարավոր է:

Օրինակ, «Մայր Հայաստան» կուսակցությունն ունի փոքր բիզնեսի աջակցության ծրագրեր, որոնք մոտ են վրացականի տրամաբանությանը:

Դա մենք առանձին կներկայացնենք մոտ ժամանակներս:

Մանավանդ, որ «Առաջարկ Հայաստանին» հարթակում այս բոլոր հարցերը պիտի լուրջ քննարկման առարկա դառնան, որից հետո դրանք կներկայացվեն հանրության դատին:

Շատերն ասում են, որ ցածր հարկային ռեժիմի պարագայում հնարավոր չի լինի բյուջեն լցնել:

Այս մոտեցումը պարզունակ է և հետադիմական:

Ճիշտ հակառակը՝ բարձր հարկման դեպքում բյուջեն կարելի հավաքել, սակայն հաջորդ մեկ-երկու տարիների ընթացքում երկրում բիզնեսների թիվը կարող է կրճատվել, որի արդյունքում կտուժի նաև բյուջեն:

Հենց այդ տրամաբանության պատճառով էլ, օրինակ Հայաստանում, 2025-ի բյուջեի ծախսային մասը կազմել էր մոտ 7.8 մլրդ դոլար, իսկ Վրաստանում նույն ցուցանիշը հասել էր 12 մլրդի:

Հիշեցնենք, որ Վրաստանում ապրում է մոտ 3.7 մլն մարդ, Հայաստանում՝ մոտ 3 մլն:

Մինչդեռ նրանց մոտ բյուջեն ավելի քան 50 տոկոսով ավելի է, քան՝ Հայաստանում: Անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշներն էլ են դա վկայում:

Վրաստանում աճը կազմել էր 7.2 տոկոս, Հայաստանում՝ 4.8 տոկոս:

Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանում ներկայացվել էր արժեզրկման 4 տոկոս ցուցանիշ, իսկ Հայաստանում՝ 3 տոկոս:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ցածր հարկային համակարգով կարելի է ավելի մեծ բյուջե ունենալ, քան՝ հակառակը, և դա ցույց է տալիս Վրաստանի օրինսկը:

Ի դեպ, Վրաստանում կա օրենք, որը թույլ չի տալիս հարկային համակարգի դրույքաչափերը փոխել առանց հանրաքվեի:

Դա, հանուն արդարության պիտի ասել, որ Սաակաշվիլու կառավարման ընթացքում նախարար Կախա Բենդուկիձեի շնորհիվ է օրենքի ուժ ստացել:

Ինչը այն քիչ քայլերից է Սաակաշվիլու ժամանակվանից, որը Վրաստանին մեծ օգուտ է բերել:

Իսկ մեծ բյուջեն թույլ է տալիս նաև սոցիալական ծրագրեր իրագործել:

Իսկ հիմա ծանոթանանք, թե ինչ սոցիալական բարեփոխումներ անցկացվեցին այս վերջին 13 տարվա ընթացքում:

Վրաստանում աշխատավարձների չափի մասին

Ինչպես նշեցինք, Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմում է 10126 դոլար:

Հայաստանում, ի դեպ, այն կազմում է 8960 դոլար, որն ավելի քան 10 տոկոսով ցածր է:

Սակայն, դրանից բացի, Վրաստանում միջին աշխատավարձը ըստ ոլորտների ավելի է տարածված, ի տարբերություն Հայաստանի:

Հայաստանում այս ոլորտում դիֆերենցիացիան (տարբերությունը) զգալիորեն ավելի մեծ չափերի է հասնում, քան՝ Վրաստանում:

Բերենք Վրաստանում ընդամենը մի քանի մասնագիտությունների ոլորտների աշխատավարձերի չափեր:

Բժիշկ՝ սկսած € 1,200-ից։

Ծրագրավորող՝ սկսած € 1,500-ից։

Քաղաքացիական ինժեներ՝ սկսած € 800-ից։

Ճարտարապետ՝ սկսած € 650-ից։

Սանտեխնիկ՝ սկսած € 560-ից։

Կռունկավար՝ սկսած € 480-ից։

Ուսուցիչ՝ սկսած € 450-ից։

Ի դեպ, Թբիլիսիի ավտոբուսի վարորդները ստանում են 450-550 հազար դրամին համարժեք վարձատրություն, գումարած՝ սոցիալական փաթեթները:

Երևանում այդ նույն ցուցանիշները կազմում են 300 հազարից մինչև 450 հազար:

Եվ դա այն դեպքում, երբ Թբիլիսիում 150 դրամ արժե հանրային տրանսպորտով մինչև 90 րոպե տեղաշարժվելը՝ անկախ այն բանից, թե քանի փոխադրամիջոց կփողի ուղևորը, իսկ Երևանում 150 դրամ արժե միայն մեկ ուղետոմսը (տրանսպորտը փոխելու դեպքում նորից պիտի 150 դրամ վճարել):

Երևանում տրանսպորտի տարեկան աբոնեմենտը արժե 88 հազար դրամ, Թբիլիսիում՝ 35 հազար դրամին համարժեք: Այսինքն՝ ավելի քան 2.5 անգամ էժան:

Եվ դա այն դեպքում, երբ Թբիլիսիի մակերեսը կազմում է 726 քառ. կմ, Երևանինը՝ 223.28 քառ. կմ:

Այսինքն, Թբիլիսիի մակերեսը մեծ է Երևանից ավելի քան երեք անգամ:

Դա նշանակում է, որ Թբիլիսիում տրանսպորտն էլ վառելիք պիտի օգտագործի մոտ 2-3 անգամ ավելի շատ, քան՝ Երևանում:

Սակայն այս ամենի պարագայում, Երևանում տրանսպորտի գինը առնվազն երկու անգամ ավելի բարձր է, քան՝ Թբիլիսիում:

Սա ցույց է տալիս, ոչ միայն վրացական իշխանության գործնեության էֆեկտիվության աստիճանը, այլև նրանց բարոյական որակն ու մակարդակը, որը նույնպես տարբերվում է ներկայիս փաշինյանական իշխանության որակից:

Նշենք, որ թեև Վրաստանում «մինիմալ աշխատավարձ» հասկացություն գոյություն չունի, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ աղքատության ցուցանիշները զգալիորեն ցածր են Հայաստանից:

Ինչ վիճակում են Վրաստանի թոշակառուները

Վրաստանում այսօր կա մոտ 800 000 թոշակառու: Հայաստանում այդ թիվը կազմում է 480 հազար:

Այսինքն, Վրաստանում թոշակառուների թիվը գերազանցում է համարյա երկու անգամ:

Ինչը նշանակում է, որ պետության վրա այդ շերտի սոցիալական բեռը այդ չափով մեծ է:

Սակայն, նույնիսկ այս պարագայում, Վրաստանի կառավարությունը կարողացել է օպտիմալ լուծում տալ այդ խնդրին:

Վրաստանում կանայք թոշակի են անցնում 60 տարեկանից, իսկ տղամարդիկ 65 տարեկանից:

Մեզ մոտ այդ շեմը փոքր-ինչ ավելի փոքր է տղամարդկանց մասով. 63 տարեկանից են անցնում թոշակի:

Սակայն Վրաստանում սկսել է գործել հետևյալ պրակտիկան. տարին փակվելուց հետո, կառավարությունը հաջորդ տարի բոլոր թոշակները բարձրացնում է անցյալ տարվա արժեզրկման չափով (այսինքն՝ ինդեքսացիա է կիրառում):

Օրինակ, անցյալ տարի Վրաստանում արձանագրվել է միջինը 4 տոկոս արժեզրկում, ուրեմն՝ այդ չափով կբարձրացվեն բոլոր թոշակները, և այդպես՝ ամեն տարի:

Դա նշանակում է, որ Վրաստանում թոշակն ամեն տարի է բարձրանալու, անկախ նրանից, թե որ կատեգորիան ինչ չափի թոշակ է ստանում:

Մինիմալ թոշակը Վրաստանում կազմում է 300 լարի (մոտ 42 հազար դրամ):

Սակայն, 70-ից անց այն ավտոմատ դառնում է 450 լարի (մոտ 62 հազար դրամ):

Դրանից բացի, թոշակառուներն, ինչպես նշեցինք, ամեն տարի ստանում են թոշակի ինդեքսացիա, և այդ պրակտիկան գործում է սկսած 2021 թվականից:

Բացի այդ, թոշակառուներն ունեն մի շարք արտոնություններ տարբեր ոլորտներում:

Օրինակ, իրենց համար, դեղերի գնման մասով կան արտոնություններ, և բացի այդ, նրանք ունեն բուժման համար ապահովագրական փաթեթներ:

Այսպիսով, վրացիների կյանքի որակը տարբերվում է հայերից նաև կրթական և առողջապահական ոլորտների մասով:

Ինչ է իրենից ներկայացնում Վրաստանի առողջապահական համակարգը

Սկսած 2015 թվականից, Վրաստանում գործում է համընդպանուր պետական ապահովագրական համակարգ, որը բիզնեսի և քաղաքացիների վրա ավելորդ հարկային բեռ չի առաջացնում:

Վրաստանում այս ոլորտում գործում է առողջապահական երեք օգնության փաթեթ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում պետական ծրագրի հիմնական փաթեթը

Պլանային վիրաբուժական միջամտություններ (ներառյալ գործիքային և լաբորատոր հետազոտությունները վիրահատությունից առաջ, ընթացքում և հետո՝ պլանային վիրահատությունների հետ կապված):

• Պետության կողմից ծածկվում է արժեքի 70%-ը: Տարեկան սահմանաչափը կազմում է 15,000 լարի (մոտ 5500 դոլար):

Քաղցկեղով հիվանդների ոչ վիրաբուժական բուժում ստացող քաղաքացիների համար

• պետության կողմից ծածկվում է քիմիաթերապիայի, հորմոնալ թերապիայի, ճառագայթային թերապիայի, ինչպես նաև այդ միջամտությունների հետ կապված հետազոտությունների և դեղորայքի արժեքի 80%-ը (18 տարեկանից փոքր հիվանդների համար՝ 100%):

Տարեկան սահմանաչափը կազմում է 12000 լարի (մոտ 4500 դոլար):

Այսպիսով, եթե Վրաստանի քաղաքացին ուզում է ոչ վիրահատական բուժում ստանալ, ապա նա ունի պետության կողմից հավելյալ օգնություն տարեկան մինչև 4500 դոլարի չափով:

Իսկ վիրահատության դեպքում այն կազմում է մոտ 5500 դոլարի չափ:

Այսինքն, Վրաստանի քաղաքացին տարեկան կարող է օգնություն ստանալ պետությունից մինչև 9500 դոլարի չափով:

Ընդ որում, ամեն տարի այդ չափը զրոյանում է և նորից նույն թվով օգնություն է տրամարդվում քաղաքացուն:

Ավելին, եթե օրինակ Վրաստանի քաղաքացին որոշի վիրահատվել, ասենք ոչ թե Վրաստանում, այլ օրինակ՝ Հայաստանում, Ադրբեջանում, կամ Ռուսաստանում, ապա միևնույն է, նա Վրաստանի կառավարությունից ստանում է այդ թվի 40 տոկոսի չափ օգնություն:

18-ից ցածր տարիք ունեցողների և թոշակառուների համար գործում են ոչ թե 70, կամ 80 տոկոսանոց, այլ 100 տոկոսանոց ծածկույթներ:

Բնականաբար, այն քաղաքացիները, ովքեր օգտվում են մասնավոր ապահովագրական համակարգերից, չեն կարող օգտվել պետությունից:

Վրաստանի կառավարությունն ունի նաև սոցիալական խոցելի խմբերի համար հատուկ արտոնյալ օգնության ծրագրեր, որը մանրամասն ներկայացնելը կարիք չկա:

Եթե ամփոփենք, ապա կարող ենք նշել, որ այսօրվա Վրաստանը, Իվանիշվիլու կառավարման ժամանակահատվածում կարողացել է գոնե մինիմալ ձևով ապահովել իր քաղաքացիներին ապահովագրական օգնությամբ, որի քանակն ու որակը Հայաստանում առկա համակարգի համեմատելն ուղղակի անտեղի է, նույնիսկ՝ վիրավորական:

«Դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանն իր առողջապահական անկատար համակարգով անգամներով է հետ մնացել Իվանիշվիլու Վրաստանից:

Ինչ վերաբերվում է դեղերի գներին և բժշկական ծառայությունների գների տարբերություններին, ապա մեր երկրում ուղղակի զարհուրելի վիճակ է, որը պիտի արմատապես փոխել:

Մանավանդ, որ հաշվի առնելով Սփյուռքի գործոնը, Հայաստանն այս առումով կարող է դառնալ բժշկական ծառայություններ տրամադրելու լուրջ կենտրոն:

Պատճառն այն է, որ արևմտյան երկրներում բժշկությունը էապես թանկ է, քան Հայաստանում և Վրաստանում: Եվ օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր իրենց երկրում ներգրավված չեն առողջապահական ապահովագրական փաթեթներում, կարող են այդ ծառայությունները ստանալ Հայաստանի և Վրաստանի նման երկրներում:

Բացի այդ, մեր առջև կարող են բացվել նաև այլ երկրների ոլորտները, որտեղ և բժշկությունն է թանկ, և ապահովագրական համակարգեր չկան:

Մենք ունենք լուրջ պոտենցիալ այս ոլորտը զարգացնելու համար, հատկապես, որ այն նաև ապրանքների արտահանման ռեժիմին է նման:

Եթե այս ոլորտում պետությունը տրամադրի հարկային արտոնություններ, ապա երկիրը կունենա ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք երկրի բյուջեին հավելյալ եկամուտներ կբերեն:

Վրաստանում որոշել են առաջին հերթին իրենց քաղաքացիների մասին մտածել:

Մենք կարող ենք նաև դրսի շուկայի վրա ուղղել այս ոլորտը:

Ինչ է իրենից ներկայացնում Վրաստանի կրթական համակարգը

Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որ այս տարվանից բոլոր պետական կրթական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ, ԲՈՒՀ-եր) կրթությունը Վրաստանի քաղաքացիների համար պիտի լինի անվճար:

Իհարկե, 7.2 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիրը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ:

Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն երկրներում են սոցիալական վիճակը բարելավում, որտեղ կա տնտեսական լուրջ աճ:

Այնտեղ է տնտեսական աճը մեծ չափսերի հասնում, որտեղ հարկային բեռը ավելի մեղմ է իր տարածաշրջանում:

Վրաստանի փորձը դրա վառ ապացույցն է:

Նրանց մոտ արդեն 13 տարի է ինչ գործում է խելամիտ կառավարում, մեզ մոտ իշխում են պոպուլիստներ:

Արդյունքը և տարբերությունը ուղղակի աչք են ծակում:

Ինչից էլ պիտի հետևություն անենք, որ առանց իշխանափոխության, և առանց առողջ, իրատեսական այլընտրանքային ծրագրի, Հայաստանի բնակչությունը չի կարողանա ապրել խաղաղության պայմաններում և չի կարողանա բարելավել իր սոցիալական վիճակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը