Քաղաքական

27.02.2026 16:02


Ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար՝ վերջին 5 տարվա ընթացքում

Ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար՝  վերջին 5 տարվա ընթացքում

Հետք-ը գրում է․ Վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմն ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճար, դրամական խրախուսում է ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: ՊՆ-ն ընդհանրապես թվային տվյալ չի տրամադրել, իսկ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել: Ոչ մի նախարարություն չի նշել, թե որքան պարգևավճար են ստացել նախարարներն ու նրանց տեղակալները: Խորհուրդ են տվել ուսումնասիրել հայտարարագրերը, իսկ 2025թ-ի պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունների համար սպասել մինչև մայիսի 31-ը, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնեն:

Նախարարությունների նույնաբովանդակ պատասխանները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք համաձայնեցվել են կամ համակարգվել մեկ կենտրոնից՝ խուսափելու համար նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելուց: Հակառակ դեպքում, դժվար թե չգտնվեր մեկ նախարար, որը չցանկանար այդ տվյալը հայտնել լրատվամիջոցին: Օրինակ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 2025թ. տարեվերջին մոտ 6-7 միլիոն դրամ (հարկերը հանած) հավելավճար է ստացել, սակայն Արդարադատության նախարարության գրավոր պատասխանում չեն նշել նախարարի պարգևավճարի կոնկրետ չափը: Հղում են կատարել հայտարարագրերին, որտեղ առանձին տող չկա պարգևավճարների մասին, այն ներկայացվում է աշխատավարձի հետ:

Պարգևավճարները և հավելավճարներն էապես ավելացել են 2023թ.-ից, երբ ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը: Այս գերատեսչության պարգևավճարների ֆոնդն ամենամեծն է: Նախարարությունը չի հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել: Օրինակ, 2025թ. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 167 աշխատակից ընդհանուր ստացել է 265 մլն 975 հազար դրամ պարգևավճար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 325 աշխատակից՝ մոտ 382 մլն 487 հազ. դրամ պարգևավճար: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ստացել են մոտ 7 մլրդ 61 մլն դրամ պարգևավճար, սակայն աշխատակիցների թիվը հայտնի չէ:

Մանրամասները՝ Հետք-ում։

Այս խորագրի վերջին նյութերը