Քաղաքական

08.04.2026 20:02


Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը (տեսանյութ)

Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը (տեսանյութ)

Ռուսական կողմը շահագրգռված է, որ Հայաստանը վերականգնի իր լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կա իրավաբանորեն ձևակերպված պայմանավորվածություն, անվանեք այն ինչպես կուզեք՝ ըմբռնում, որոշում, որն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ինչպես բազմիցս ընդգծել ենք, այլ բան մենք չենք տեսնում»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ ոչ ոք այլ որոշում չի կայացրել՝ չնայած մեծ թվով շահարկումներին, արտահոսքերին, «ինչ-որ վատաբանություններին» և այլն։ Զախարովան նաև մեկնաբանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, Հայաստանը դուրս կգա և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵԱՏՄ-ից։

Զախարովան նման արտահայտությունները համեմատեց «մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիքի» հետ՝ ընդգծելով, որ հարկ չի համարում դրանք լուրջ ընդունել:

«Ես չեմ ցանկանում լրջորեն մեկնաբանել այն էմոցիոնալ քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք արդեն բազմաթիվ ոչ միանշանակ արտահայտություններ են արել, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի թեմայով։ Մենք նույնիսկ այսպիսի բան ենք լսել՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Չգիտեմ՝ ավարտվել է այդ գործընթացը, թե դեռ շարունակվում է»,-ասաց նա։

Դիվանագետի խոսքով` նման հայտարարությունները լրացուցիչ գնահատականի կարիք չունեն, դրանք առաջին հերթին պետք է մեկնաբանեն Հայաստանի քաղաքացիները:

Զախարովան անդրադարձավ նաև Հայաստան մատակարարվող ռուսական գազին՝ հիշեցնելով, որ այդ հարցը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը ռուսական գազ է ստանում 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն հասնում է 600 դոլարի՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե շահարկումների, այլ փաստացի տվյալների մասին է:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը