Լրահոս

16.01.2012 10:04


Կհայտատարի՞ Ադրբեջանը Ֆրանսիային պատերազմ

Վերջին ժամանակներում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ակտիվ քննարկումները հանգեցրել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հերթական հակահայկական հիստերիայի առաջացմանը, որը հիմնականում դրսևորվում է անիմաստ շատախոսությամբ: Սակայն այդ շատախոսությունը, այս անգամ ևս, ակամայից, թույլ տվեց  թուրք-ադրբեջանական քարոզչության հերթական մարտավարական սխալը: Այս անգամ, ինչպես և միշտ, ադրբեջանցիները ավելի կատաղի կերպով արձագանքեցին ուղղակիորեն թուրքիային վերաբերող հարցին, քան իրենք` թուրքերը, և քիչ էր մնում Ֆրանսիային պատերազմ հայտարարեին անցած ամիս Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտողների մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությանը արժանացած օրինագծից հետո: Ինչևէ, դա դեռ խնդրի մի մասն է: Թուրքիան, մեծ մարդասերի դիմակը հագած, որոշել է Ալժիրի ժողովրդի պատիվը պահել և ճանաչել «ալժիրցիների  ցեղասպանությունը», իսկ Ադրբեջանը որոշել է հայերից «դասեր քաղել» և Խոջալուի դեպքերը ցեղասպանության քողի տակ առաջ քաշել տարբեր երկրների խորհրդարաններում:

Ինչ արած, համաձայնեք, որ թուրքերի «երկաթյա» տրամաբանությունը ոչ մի խոչընդոտ չի ճանաչում: Մարդիկ 20 տարի է, ինչ երկու ճակատով փորձում են համոզել ամբողջ աշխարհին, որ քաղաքական գործիչները չէ, որ պետք է գնահատական տան պատմական դեպքերին, ինչպիսին որ, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցն է: 20 տարի է, ինչ մարդիկ քննադատում են ՀՀ արտաքին քաղաքականությունը, որի հիմնական ուղղություններից մեկը հանդիսանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, 20 տարի է ինչ փորձում են հարցը տեղափոխել այլ հարթություն, ձևավորել ինչ-որ հանձնաժողովներ` փորձելով աշխարհի աչքին թոզ փչել վերընշված «երկաթյա» հնարավորություններով` համոզելով անհամոզելին: Իսկ հիմա երեսպաշտության դասական օրինակով տարբեր երկրների խորհրդարաններ են ուզում խծկել «Խոջալուն»: Ինչ վերաբերում է «ալժիրցիների ցեղասպանությանը», մեկնաբանությունների կարիք անգամ չկա, նամանավանդ այդ երկրի վարչապետի կոշտ արձագանքից հետո, որն իրավացիորեն շատ դիպուկ կերպով կոչ էր արել Թուրքիայի վարչապետին Ալժիրի ժողովրդի արյունը չշահարկել սեփական քաղաքականությունը առաջ տանելու համար:

Այս աշխարհում, եթե կա մի հստակ բան, թերևս այն համոզմունքն է, որ բոլորի դիմակն էլ մի օր պատռվում է, իսկ երբեմն էլ դրա համար մեծ ջանքեր էլ չեն պահանջվում, որովհետև բոլոր նրանք, ում պետք է իմանալ, իմանում են առանց ուրիշների կողմից խմբագրած նյութերի քարոզչության: Երբ Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և  դրանից հետո Հայաստան հրավիրվեցին որոշ շվեդ պատգամավորներ, հայ լրագրողներից մեկը շատ հետաքրքիր հարց ուղղեց նրանց, որը կապված էր այն բանի հետ, թե ինչպես են պատգամավորները կողմնորոշվել տվյալ հարցի քննարկման ժամանակ, մասնավորապես, երբ առկան են հայկական և թուրքական հակադիր փաստարկները: Հարցին պատասխանեց մի կին պատգամավոր, որի երեսին մի աննշան ժպիտ երևաց և պատասխանը բառացիորեն հնչեց հետևյալ կերպ. «Մենք այնքան շատ փաստեր ունենք 20-րդ դարասկզբի դեպքերի վերաբերյալ, որ հավելյալ տեղեկատվության կարիք չունենք»: Ի՞նչ կարելի է ավելացնել այսքանից հետո: Հետևել վերընշված կնոջ օրինակին և ժպտալ:

Էրիկ Երիցյան

Այս խորագրի վերջին նյութերը