Լրահոս

16.01.2012 18:27


ՀՀ ԱԳՆ.«Ադրբեջանական կողմը փաստորեն խանգարում է շփման գծում միջադեպերի հետաքննությանը»

ՀՀ ԱԳՆ.«Ադրբեջանական կողմը փաստորեն խանգարում է շփման գծում միջադեպերի հետաքննությանը»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ադրբեջանը խոչընդոտում է շփման գծում միջադեպերի հետաքննության մասին պայմանավորվածության  իրագործմանը:

–Այդպիսի պայմանավորվածություն ձեռք էր բերվել անցյալ տարի` մարտին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Համապատասխան հայտարարություն էր արվել այդ կապակցությամբ, և այս պայմանավորվածությունը լիակատար աջակցություն էր ստացել միջազգային հանրության կողմից: Սակայն մինչ օրս դա չի իրականանում, որովհետև ադրբեջանական կողմը փաստորեն խանգարում է դրա իրականացմանը և խանգարում է եռանախագահների կողմից հենց այս նպատակով մեխանիզմի ստեղծման առաջարկներին: Ադրբեջանական կողմից հնչում է, թե ընդհանրապես այսպիսի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, թե իբրև այդպիսի առաջարկներ ընդհանրապես չեն արվել: Այստեղ մեկնաբանությունները, կարծեմ, ավելորդ են,–ասել է նա:

Ըստ  Էդվարդ Նալբանդյանի՝  եթե մենք հասնեինք Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, դա կլիներ իսկապես շատ լուրջ ձեռքբերում:

–Եթե այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, և ինչպես ասացի, մեր դիրքորոշումները այսօր համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ես կասեի ավելին՝ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի դիրքորոշումներին: Սա, իհարկե, դրական է և կարևոր զարգացում: Բայց խաղաղ կարգավորումը դեռ չի գտնվել, և դա մեր գլխավոր նպատակներից է,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը