Լրահոս

08.05.2009 12:24


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Արևելյան գործընկերության»գագաթնաժողովում

«Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախևառաջ ուզում եմ երախտագիտությունս հայտնել Եվրամիության չեխական նախագահությանը, անձամբ Նախագահ Կլաուսին' այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս օրը նշանակալից է Հայաստանի ժողովրդի, կարծում եմ նաև Արևելյան գործընկերության մեջ ներառված մյուս երկրների համար: Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան' ունենք անցնելու մեծ ճանապարհ: Եվ ես ուզում եմ Հայաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական հանձնաժողովին, Միության անդամ-պետություններին' այդ ճանապարհը միասին հաղթահարելու հրավերի համար: Սա տեսլականի վրա հիմնված քայլ էր, ապագային միտված որոշում: Մենք հասկանում ենք, որ դա հեշտ որոշում չէր Եվրամիության համար, հատկապես' գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Եվ, այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը խիզախ նախաձեռնություն է: Այն երկուստեք պարտավորեցնող է, բայցև երկուստեք շահավետ: Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ մեր շուկաները փոխադարձաբար ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների և հասարակությունների միջև երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու և մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտմամբ: Եվ ես հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է:

Հայաստանը մտադիր է հետևողականորեն շարունակել Հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը: Այս շաբաթ ես ստորագրել եմ հրամանագիր, որով հաստատել եմ առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցությունը համակարգող գործողությունների ծրագիրը, որը պարունակում է շուրջ 200 միջոցառում: Հայաստանը հրավիրել և երախտագիտությամբ է ընդունել ԵՄ խորհդատուների խմբին, որն այսօր օգնում է մեր պետական կառավարման մարմիններին' իրականացնելու բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում:

Եվրոպական հարևանության քաղաքականության մեկնարկից ի վեր, երբ Հայաստանը ստացավ Միության արտաքին քաղաքականության հայտարարություններին միանալու հնարավորություն, մենք միացել ենք դրանց շուրջ 80 տոկոսին, ինչը ցույց է տալիս մեր մոտեցումների, տեսակետների և դիրքորոշումների ուղղվածության ընդհանրությունը:

Միևնույն ժամանակ, Արևելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրեր կնքելու, ըստ անհրաժեշտության' երրորդ պետություններ ներգրավելու, ինչպես նաև ներգրավվածության հարցում առկա ճկունության հնարավորություններն այն գրավիչ են դարձնում բոլորի համար: Հաջողության հասնելու համար Արևելյան գործընկերությունն իրականացման փուլում ևս պետք է առաջ տարվի ներառական, հանուն և ոչ թե ընդդեմ որևէ բանի սկզբունքով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր օրերում «Եվրոպա» հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արևելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի, և ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ և անսպասելի արդյունք: Բայց դրան հասնելու համար պահանջվում է բոլորիս նվիրված և հետևողական աշխատանքը:

Ավարտելով ելույթս՝ մեկ անգամ ևս ողջունում եմ Արևելյան գործընկերության մեկնարկը և մեզ բոլորիս հաջողություն մաղթում դրա լիարժեք իրականացման կարևորագույն առաքելության մեջ, ինչը պահանջելու է համատեղ և համակարգված ջանքեր:

Շնորհակալություն ուշադրության համար»:

ՀՀ անխագահի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը