Լրահոս

19.01.2012 14:51


Նաիրի Բադալյանը պահանջում է 10 մլն ամերիկյան դոլարի փոխհատուցում

Նաիրի Բադալյանը պահանջում է 10 մլն ամերիկյան դոլարի փոխհատուցում

Այսօր լրագրողների հետ է հանդիպել հոկտեմբերի 27–ի գործով մեղադրված և արդարացված Նաիրի Բադալյանը։ Տեղեկացնենք, որ Բադալյանը ձերբակալվել է 1999թ. նոյեմբերի 1–ին և մեղավորությունն ապացուցող բավարար ապացույցներ չլինելու պատճառով ազատ արձակվել 2000թ. հունիսի 27–ին։

Նա ներկայացրել է, որ նախաքննության ողջ ընթացքում ենթարկվել է ծանր խոշտանգումների, որոնք խոստովանել են դրանք իրականացրած երեք ոստիկանները և բանտախցում իր հետ գտնվող բոլոր դատապարտվածները։ Նրա խոսքերով՝ ձեռագրաբանական փորձաքննությամբ ապացուցվել է, որ իր խոշտանգումների վերաբերյալ ամենօրյա պարբերականությամբ զինդատախազություն ուղարկվող ամփոփագրերի վրա կատարվող ձեռագիր գրառումները պատկանել են զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին։

Բանախոսը տեղեկացրել է, որ 2002թ. մարտի 4–ին, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, հարուցվեց քրեական գործ իր նկատմամբ հոկտեմբերի 27–ի գործով նախաքննության ժամանակ խոշտանգումներ կիրառելու մեղադրանքով։ Սակայն 2005թ. հունվարի 21–ին քննիչ Սամվել Սինանյանը գործը կարճել է։ 2008թ. վերջին, նրա դիմումի համաձայն, նույն քրեական գործը կրկին բացվել է, 2010–ին՝ կրկին կարճվել։

Առաջիկա քանի օրը նա պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին՝ պատճենն ուղարկելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին՝ պահանջելով քրեական գործի ապօրինի կարճման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 351–րդ հոդվածի հատկանիշներով գործ հարուցել այդ որոշումը կայացրած քննիչ Հեկտոր Սարդարյանի, այն վավերացրած գլխավոր դատախազության ավագ դատախազ Զալինյանի և այդ որոշումը հովանավորած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ։ Նա նաև պահանջել է ֆինանսական փոխհատուցում։ Լրագրողի հարցին, թե փոխհատուցման ինչ գումարի մասին է խոսքը, Նաիրի Բադալյանը պատասխանել է.

–Ավելի քան 10 մլն ամերիկյան դոլարի։

Նա վստահեցրել է, որ եթե իր այս դիմումն էլ մերժվի, ապա պատրաստ է դիմել միջազգային բոլոր վերին ատյաններին՝ նշելով, որ 2011թ. մայիսի 3–ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը