Լրահոս

19.01.2012 15:01


Խորհրդարանական լսում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրինագծի վերաբերյալ

2011թ. հունվարի 19-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ԵՄ խորհրդարանական խմբի հետ համագործակցելով անցկացրեցին խորհրդարանական լսում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Օրինագծի նպատակն է ապահովել գենդերային հավասարություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ապահովել  կանանց և տղամարդկանց պաշտպանությունը գենդերային խտրականությունից, ինչպես նաև աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանն այս կարևոր ոլորտում:

Օրենքի նախագիծը գենդերային գիտակցության բարձրացմանը և կանանց և տղամարդկանց միևնույն հիմնարար իրավունքների ապահովմանն ուղղված հիմնական փաստաթուղթն է: Օրինագիծն անդրադառնում է քաղաքական և տնտեսական ոլորտներում հավասարակշռված մասնակցության, գենդերային պետական քաղաքականության իրականացման, իրավակիրարկումը վերահսկող ազգային մեխանիզմի արդյունավետ գործառնության, տնային աշխատանքի սոցիալական և տնտեսական կարգավիճակի բարձրացման, աշխատանքային և ընտանեկան պարտականությունների համատեղման, բռնության և սեռական ոտնձգությունների կանխարգելման հարցերին:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը օրենքի նախագիծը ներկայացրեցին քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներին նրանց նկատառումները և առաջարկները ստանալու ակնկալիքով:

Խորհրդարանական լսմանը բացման խոսքով հանդես եկան ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պրն Արամ Սաֆարյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տկն Նաիրա Զոհրաբյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պրն Տրայան Հրիստեան, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն Դաֆինա Գերչևան:

Այս խորագրի վերջին նյութերը