Լրահոս

19.01.2012 15:12


Մարգար Օհանյանի գործով վկաներն իրենց ցուցմունքներով չեն մեղադրել նրան

Մարգար Օհանյանի գործով վկաներն իրենց ցուցմունքներով  չեն մեղադրել նրան

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթացել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը։

Նշենք, որ նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր  չափի յուրացում կատարելու  համար։

Դատը սկսելուն պես դատավոր Մխիթար Պապոյանն ընթերցեց վկա Կարապետյանի դիմումն այն մասին, որ իր՝ ՌԴ մեկնելու  պատճառով դատարան չներկայանալը հարգելի համարեն։ Ըստ դատավորի՝ քանի որ դիմումին կից ներկայացված չէ վկայի՝ Ռուսաստան մեկնելու ապացույցը, ապա դատարանը վկայի  չներկայանալը չի կարող հարգելի համարել։

Դատավարությանը կանչված մնացած վկաները ներկայացել էին և պնդում էին, որ իրենք ծառայություն կատարելու համար  ստացել են քիչ քանակությամբ բենզին, սակայն հաշվետվության մեջ նշվել է ավելի շատ քանակություն։

ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, վկա Արսեն Մադոյանը, օրինակ, նշել է, թե ամռան ամիսներին ծառայություն կատարելու համար 28 տոննա բենզին են ստացել, սակայն Սամվել Մաղսուդյանի հրահանգով հաշվետվության մեջ գրանցել են 35 տոննա։

Վկա, Վանաձորի գումարտակի հրամանատար Վարդան Նարգիզյանն էլ նշել է, թե հունիսին ծառայություն իրականացնելու  համար  ստացել են 5 տոննա բենզին, հուլիսին՝ 4,1 տոննա, սակայն հաշվետվության մեջ Ստեփան Կարախանյանի հորդորով  լրացվել է համապատասխանաբար 14 և 12 տոննա բենզին։

Ըստ վկայի՝ դա եղել է Ստեփան Կարախանյանի հանձնարարականով։

Ասել է՝ պակասորդ  կա, հետո կլրացնենք այդ բենզինի քանակությունը, բայց դե, չի լրացվել,–ասել է Վարդան Նարգիզյանը։

Երկրորդ գումարտակի վեցերորդ վաշտի հրամանատար, վկա Արամ Գալստյանն էլ հայտարարել է, որ ամսական ստացել են 5 տոննա բենզին, սակայն ստորագրել է երբեմն 6, երբեմն՝ 7, երբեմն էլ՝ 8 տոննայի դիմաց։

Ըստ վկայի՝ Ստեփան Կարախանյանն իրեն ասել  է, որ եթե ավելի բենզին դուրս գրվի, ապա ինքնաբերաբար հնարավորություն կստեղծվի մեքենայի անվադողերը հաճախ փոխել, և այդպես էլ եղել է։

Ընդ որում, բոլոր  վկաներն էլ շեշտել են, որ բենզինը միշտ բավարարել  է իրենց ծառայությունը պատշաճ կատարելու  համար։

Դատախազի հարցին, թե որևէ մեկը դիմե՞լ  է ՀՀ ոստիկանության հրամանատարությանը, այլ անձամբ այն ժամանակ ՃՈ պետ Մարգար  Օհանյանին՝ բենզինի պակասորդի  հարցով, վկաները միաբերան պատասխանել են՝ ոչ, իրենք վստահել են իրենց ղեկավարներին։

Վերջին վկան ՃՈ տնտեսական բաժանմունքի ավագ սերժանտ Եփրեմ Ստեփանյանն էր, ով նշել է, թե բենզինի ստացումն ընկերություններից եղել է իր պարտականությունը, և միշտ ստացվել է այնքան բենզին, որքան նախատեսված  է եղել, և երբեք բենզինի պակասորդ չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը