Լրահոս

23.01.2012 15:49


Ավելի քան11 կիլոգրամ թմրանյութ` ճամպրուկում

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն, ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում. «2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ»:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վահրամ Գուրողլյանի խոսքերով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ` մտածելով, որ կարող է խուսափել □Ռապիսկան□ զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել վարչության աշխատակիցների հմտության և փորձառության շնորհիվ: Այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ընդհանրապես Նախաբցթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում. «Թմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայ-իրանական սահմանի վրա` Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք»,-տեղեկացրել է նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

Ի դեպ, առանձնակի խոշոր 3 դեպքերով նույնպես ապօրինի ներկրման փորձը կատարել են Իրանի 3 քաղաքացի` տեղափոխելով թմրանյութ և հոգեմետ դեղորայք: Նախաբացթղումային հսկողության վարչության աշխատակիցները նաև ծանրոցների միջոցով թմրանյութի և հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ  այդ ուղին ևս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների` օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ` սեփական մարմինը. «Մեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ»:

Նշենք, որ 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի և ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաև մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը