Լրահոս

23.01.2012 16:30


ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի գործով նախնական դատական նիստ

2012 թ. հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /դատավոր Ա. Սուքոյան/ նշանակված է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ նախնական դատական նիստը:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ www.hraparak.am էլեկտրոնային էջում տպագրված  «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հետևյալ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն` «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»: Հայցադիմումի մեջ նշվում է նաև, որ Վ. Գասպարյանը, իր ելույթներում միևնույն ժամանակ առանց ուղղակիորեն անուններ նշելու (սակայն իր խոսքից արդեն իսկ պարզ է՝ ում մասին է խոսում), վիրավորում է նաև քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ և համարձակ ներկայացուցիչներին, ովքեր ձայն են բարձրացրել ընդդեմ անօրինականությունների և ներկայումս մեր հասարակության մեջ ավելին քան արդիական թեմայի, այն է՝ բանակում մահացությունների թվին, դրանց անարդյունավետ քննությանը և մեղավորներին չպատժելուն: Վլադիմիր Գասպարյանը «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»: Կազմակերպությունը գտնում է, որ այս հարցազրույցն իր մեջ պարունակում է մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ: Կազմակերպությունը դատարանից պահանջում է կազմակերպությանը և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա: Վլադիմիր Գասպարյանին մեր կազմակերպությանը և ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար պարտավորեցնել լրատվական նույն միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը