Մեկնաբանություն

08.05.2009 19:02


Պրահյան հանդիպման ադրբեջանական արձագանքները

Պրահյան հանդիպման ադրբեջանական արձագանքները

Անդրադառնալով Պրահայում կայացած Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեվի հանդիպմանը՝  ադրբեջանական լրատվամիջոցները միաբերան ընդգծում են, որ 2 ժամից ավելի տևած բանակցությունների արդյունքում կողմերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ եկել են համաձայնության։ Ու չնայած նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահները արձանագրել են, թե բանակցությունները,  հիմնախնդրի կարգավորման հարցում, բեկում չմտցրեցին, այնուամենայնիվ Ադրբեջանի քարոզչամեքենան պնդում է  խնդրի լուծման հիմնական սկզբունքների շուրջ կողմերի համաձայնության գալու մասին։

Որո՞նք են այդ սկզբունքները։ Ըստ zerkalo.az-ի՝  դրանք «գրավվյալ» տարածքներից հայկական ուժերի աստիճանական դուրս բերումն է, փախստականների վերադարձը, կապի և առևտրի վերականգնումը և նոր միայն համազգային, հանրաքվեի միջոցով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը։ Այս ամենով հանդերձ, կարծիք է հայտվում, որ հիմնախնդրի կարգավորման պայմանները իրար հետ համաձայնեցնելու են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրամիությունը։ Որպես փաստարկ բերվում է այն, որ մի քանի շաբաթ առաջ,  իրար հետևից, Մոսկվայում Դմիտրի Մեդվեդևի հետ աշխատանքային հանդիպում ունեցան Ադրբեջանի և Հայաստանի նախագահները։ Ինչպես նաև Վաշինգտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ ունեցան պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։  Այսինքն փորձ է արվում ներկայացնել, թե Ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորման գործին լծվել են  գերտերությունները՝ յուրաքանչյուրը հետապնդելով իր շահերը։

Նկատենք, որ նորից ու նորից մեջբերվում են համանախագահների հայտարարությունները, քաղաքագետների կարծիքները և այլն։  Եվ այս ամենը այնքան զուսպ ու հանդուրժող երանգներով է ներկայացվում, որ մի պահ թվում է, թե դրանք ադրբեջանական լրատվամիջոցները չեն, իսկ քննարկվող թեման Ղարաբաղը չէ։ Ամեն ինչ «տեղն» է ընկնում, երբ փորձ է արվում ներկայացնել այս հարցում ունեցած Երևանի դիրքորոշումը։ Այս անգամ մեր հարևաններին նյարդայնացրել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Նրա այն դիտարկումը, որ «եթե Ղարաբաղի բնակչությունը վտանգ զգա, ապա  չի ենթարկվի»՝ այնպիսի տարակուսանք է առաջացրել ադրբեջանցիների մոտ, որ կարծես առաջին անգամ են լսում նման դիրքորոշման մասին։ Հետո կետ առ  կետ վերլուծվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ վերջերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սամվել Բաբայանի արած դիտարկումները։ Վերլուծում են, իրենք իրենց կատաղում ու կրկին անդրադառնում Սարգսյան-Ալիեվ հանդիպման ընթացքում արձանագրված «զգալի» առաջընթացին։

Եվ հերթական անգամ օդից կախված է մնում այն հարցը, թե արդյո՞ք հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ  նախագահները եկել են համաձայնության և ի՞նչ է բխելու այդ համաձայնությունից։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը