Լրահոս

25.01.2012 16:35


Թաթուլ Հակոբյան. «Նախագահի փեսան չի կարող խոստանալ լավ ընտրություններ»

Գյումրիում անդրադառանալով առաջիկա ընտրությունների որակին և քաղաքական ուժերի դասավորվածությանը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը նշել է, որ չնայած ինքը հոռետես է ընտրություններն ազատ և արդար անցկացնելու հարցում, սակայն կարծում է, որ համապատասխան պայմանավորվածության դեպքում հնարավոր է ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների արդյունք ապահովել.

–Ընտրությունների ժամանակ կեղծիքները զսպելու համար եթե տեղի ունենա հետևալը, ապա ես կհավատամ, որ ընտրությունները կարող են մրցակցային լինել: Ես կոնկրետ ուժեր եմ նշելու. ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ–ն և ԲՀԿ–ն գնում են առանձին ցուցակով, սակայն ջենթլմենական պայմանավորվածություն են ձեռք բերում, որ գործարքների չեն գնալու: Բոլոր ընտրատեղամասերում նրանք համագործակցելու են հաստավիզների, օլիգարխների, թաղային հեղինակությունների և օրինազանց ոստիկանների դեմ, որպեսզի նրանք կեղծիքների չդիմեն: Այսինքն, այս 4 ուժերն են ընդդեմ Հանրապետականի: Ես կարծում եմ, որ եթե սա տեղի ունենա, ապա հակակշիռների ինչ–որ մեխանիզմ կստեղծվի,–ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

Իսկ հարցին՝ նախագահի փեսան խոստացել է, որ որակյալ ընտրություններ են լինելու, դա բավարար երաշխիք չէ՞, Թաթուլ Հակոբյանն արձագանքել է.

–Հենց վատը դա է, որ նախագահի փեսան է խոստանում որակյալ ընտրություններ: Սա նշանակում է, որ մեկ կամ մի քանի մարդուց է կախված: Նախագահի փեսան չի կարող խոստանալ լավ ընտրություններ. նա պետք է մտածի նախագահի մասին, ոչ թե ընտրողների,- նշել է Թաթուլ Հակոբյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը