Լրահոս

26.01.2012 10:36


ՀՀ ԱԳ նախարարը Լատվիայի նախագահին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լատվիա:

Ռիգայում նախարար Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բեզինշը:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Նախագահ Անդրիս Բեզինշը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ, եւ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Լատվիայի Նախագահին:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին եւ տարածաշրջանային խնդիրներին:

Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Լատվիա համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկեւիչսի հետ էր:

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը քննարկեցին պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:

Նախարարների բնորոշմամբ դա ի ցույց է դնում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման փոխադարձ շահագրգռվածությունը:

Նախարարներն ընդգծեցին, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար:

Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության եւ միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը:  Այս ենթատեքստում Լատվիայի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում Լատվիայի ներկայացուցիչ Նիլս Մույժնիեկսի թեկնածությանը սատարելու համար:

Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալման համար:

Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների ենթատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը մտքեր փոխանակեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Նախարարների միջեւ քննարկված հարցերի կարեւոր կետերից էր տնտեսական համագործակցության առավել ամրապնդումն ու ընդլայնումը:

Նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը խոսեցին նաեւ մշակութային փոխանակումների ակտիվացման շուրջ:

Էդգարս Ռինկեւիչսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ առումով նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ խնդրի լուծումը պետք է գտնել երկխոսության, բանակցությունների եւ փոխհամաձայնության միջոցով:

Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: Ընդունելով հրավերը՝ Էդգարս Ռինկեւիչսը առաջարկեց այցելությունն իրականացնել  ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Լատվիայի Սեյմում, ուր հանդիպում ունեցավ Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Լատվիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էրիկս Կալնինշը, հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյեւսը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:

Լատվիացի խորհրդարանականների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկու երկրների հարաբերություններում խորհրդարանների դերակատարությունը՝ նշելով, որ Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության կարեւոր ձեւաչափ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Լատվիայի Սեյմի նախագահը կարեւորեց երկրի զարգացման գործում լատվիահայ համայնքի դրական ներգրավվածությունը եւ դերակատարումը:

Խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց լատվիական առաջատար «Լատվիաս Ավիզե» թերթին:

Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաեւ հանդիպումը Սեյմի՝ Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ, որը Սեյմի ամենաբազմանդամ խումբն է եւ ներառում է շուրջ 30 պատգամավոր: Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր, պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Ավարտելով այցելությունը՝ Էդվարդ Նալբանդյանը Ռիգայից ուղեւորվեց Վիլնյուս:

Այս խորագրի վերջին նյութերը