Լրահոս

30.01.2012 12:47


«Միակ փրկությունը կեցվածքի փոփոխությունն է». հուշարձանագետ

«Միակ փրկությունը կեցվածքի փոփոխությունն է». հուշարձանագետ

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ օրերս վրաց պատիարքարանի արած հայտարարությունը, թե Թբիլիսիի ներկայիս Սբ. Նշան եկեղեցու տեղում հնում վրացական ուղղափառ եկեղեցի է եղել, զուրկ է փաստերից ու անհիմն է:

–Եկեղեցին գտնվում է Վրաստանում, նախկին Հակոբ Հակոբյան և Սերեբրյաննայա փողոցների խաչմերուկում: Դա հայկական եկեղեցի է, մենք ունենք երեք հիշատակություն, որոնք փաստում են, որ, այո, Սբ. Նշանից առաջ տեղում եղել է եկեղեցի, բայց դա էլ է եղել հայկական,-ասել է Կարապետյանը:

Հուշարձանագետը նշում է նաև, որ առաջին հրդեհը մարելուց հետո ջուրն ամբողջովին ոչնչացրել է պատմական մասունքները, ինչն անթույլատրելի է: Հրդեհից ամբողջովին ոչնչացվել են նաև ներսումի որմնանկարները, ու պատերին ճաքեր են առաջացել: Սամվել Կարապետյանը տարօրինակ փաստ է համարում այն, որ Սբ. Նշանը պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել ընադամենը երկու տարի առաջ, թեև եկեղեցին այդ կարգավիճակն ունեցել է դեռևս խորհրդային տարիներին:

Փորձագետը համարում է, որ եկեղեցու շուրջը ստեղծված իրադրությունը պատահականություն չէ.

–Պատճառը միայն հայատյացությունն է: Հայերի նկատմամբ ահավոր թույն է տարածվում վրացական մամուլում: Նրանք ընդհանրացնում են հայ ազգը, հեգնում են մեզ, լուրջ չեն վերաբերվում: Միակ փրկությունը կեցվածքի փոփոխությունն է, իսկ դա կարող է լինել, եթե հաղթահարենք անտարբերությունը:

Այս խորագրի վերջին նյութերը