Լրահոս

11.05.2009 11:56


Վերաօծվեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի շրջանի խանդո գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին

 

Մայիսի 8-ին ձեռամբ՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր դասի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին:

Խանդո գյուղը Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի առավել մարդաշատ գյուղերից է: Բնակիչների նախնիները 1830 թ. տեղափոխվել են Բասենից և Կարսից:

Սուրբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ գյուղի ծխական Սուրբ Աստվածածին (Սբ. Մարկոս) 10-11-րդ դարի եկեղեցին արդեն փլվում էր:  Ուշագրավ է, որ սկսած 1857 թ-ից Խանդոյում իբրև ծխական եկեղեցի հիշվում է միայն Սուրբ Խաչը: Եկեղեցին քարաշեն կառույց էր, որի հարավային կողմում տարածվում է գերեզմանատունը:

Մայիսի 8-ին բազմամարդ էր Խանդո գյուղը: Տարբեր վայրերից ժամանել էին գյուղի նախկին բնակիչներ և հյուրեր Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Սամցխե-Ջավախքի տեղական ինքնակառավարման մարմնի բարձրաստիճան ղեկավարներ:

Բազմաթիվ հյուրերին գյուղի ազգաբնակչությունը աղ ու հացով դիմավորեց գյուղամուտքում:

Մեծաթիվ հյուրերը և գյուղի բնակչությունը հոգևոր դասի առաջնորդությամբ ուղևորվեցին Սուրբ Խաչ եկեղեցի: Վերաօծման արարողությունը սկսվեց դռնբացեքի և եկեղեցու օրհնության կարգով, սաղմոսների ու շարականների երգեցողությամբ ջրով և գինով մաքրագործվեցին եկեղեցու 16 սյուները, ապա  Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարեց վերաօծման հանդիսավոր կարգը, որին հաջորդեց անդրանիկ պատարագի արարողությունը: Այն մատուցեց՝ Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու  և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը:

Հավարտ պատարագի եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն և մատաղի օրհնություն: Երգի ու պարի գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Սայաթ-Նովա» ազգագրական երգի-պարի համույթը՝ Թովմաս Պողոսյանի գեղարվեստական ղեկավարությամբ:

Սուրբ Խաչ կիսափուլ եկեղեցին հիմնովին և գեղեցկորեն նորոգվել և տարածքը բարեկարգվել է ծնունդով Խանդո գյուղի զավակ Արկադի և Համբարձում Թորոսյանների բարերարությամբ, ովքեր 2003 թվականին իրենց ընկերների հետ միասին վերանորոգել են նաև 10-11-րդ դարում հիմնադրված Սուրբ Աստվածածին (Սբ. Մարկոս) եկեղեցին:

Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը Խանդո գյուղի համար դարձավ վերջին տասնամյակների մեծագույն իրադարձությունը: Տոնական մթնոլորտը թևածեց մինչև ուշ երեկո:

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

վիրահայոց թեմի մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը