Լրահոս

31.01.2012 11:53


Թուրքիայում ստամբուլահայ զինվորի սպանության գործի քննությունը շարունակվում է

Թուրքիայում ստամբուլահայ զինվորի սպանության գործի քննությունը շարունակվում է

Թուրքիայի Բաթման նահագի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում ապրիլի 24-ին թուրք զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սևակ Շահին Բալըքչի դատավարության ժամանակ սպանության ականատես զինվոր Հալիլ Էքշին դատարանում կրկնել է, որ նախկինում սխալ ցուցմունքի տակ էր ստորագրել:

«Ֆիրաթ» գործակալության փոխանցմամբ` հունվարի 30-ի դատալսման ժամանակ ականատես զինվորն ասել է, որ նախկինում սխալ ցուցմունքի տակ է ստորագրել ու պնդել է, թե  զորամասի պահակակետում փշալար գործելու ժամանակ կրակոցի ձայն է լսել և շրջվելով` տեսել Քվանչին` զենքը ուղղած Սևակի կողմը, իսկ Սևակն այդ ժամանակ արդեն ընկած էր գետնին:

Դատավորը ականատես զինվորին խնդրել է դահլիճ բերված զենքով ցույց տալ Քվանչի դիրքը, երբ նա կրակել է Սևակի ուղղությամբ: Էքշին դատարանի դահլիճում զենքը վերցրել և ցույց է տվել այդ դիրքը:

Սևակի ընտանիքի փաստաբանները պահանջել են կալանքի որոշում կայացնել Քվանչ Աղաօղլուի նկատմամբ, սակայն դատարանը մերժել է այս պահանջը:

Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլի 24-ի առավոտյան ստամբուլահայ Սևակ Շահինը սպանվել է մեկ այլ զինծառայողի` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր պատահաբար արձակված կրակոցից։ Սևակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։ Սևակի զորացրմանը մնացել էր 23 օր։

Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփութության հետևանքով մարդ սպանելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը