Լրահոս

31.01.2012 14:09


Կոմանդոս. «Մեր բանակն ունի հաղթողի տրամաբանություն»

Կոմանդոս. «Մեր բանակն ունի հաղթողի տրամաբանություն»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ արցախյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ադրբեջանական բանակի հզորության մասին խոսակցությունները բլեֆ  է անվանել, իսկ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ շոու.

–Ադրբեջանը շատ լավ կազմակերպված քարոզչամեքենա ունի, որի վրա մեծ գումարներ են ծախսվում: Սակայն Իլհամ Ալիևի բոլոր հայտարարությունները շոու են, մեզ վրա ճնշում գործադրելու փորձ։

Կոմանդոսը նշել է, որ ադրբեջանական բանակը բացի նրանից, որ թույլ ու անկազմակերպ է, նաև բազմաէթնիկ է, ինչն իր հերթին է խոչընդոտում բանակի կազմակերպվածության մակարդակի բարձրացումը.

–Ադրբեջանը սեփական էթնիկ խմբերի հետ խնդիր ունի, որոնց մոտ բարձրանում է ինքնագիտակցությունը: Մեկ միացյալ «ադրբեջանական» ազգի մասին խոսք լինել չի կարող, հետևաբար և այդ երկրի բանակի զինպատրաստության մասին։

Բանախոսը բարձր է գնահատել հայոց բանակի մարտունակությունը.

–Բոլորը գիտեն մեր բանակի առավելությունների մասին: Նախ՝ այստեղ կարևոր է մարդու գործոնը, այսինքն՝ այսօր մեր բանակն ունի հաղթողի տրամաբանություն: Նրանք գիտեն, որ մենք հակառակորդին մի անգամ արդեն հաղթել ենք, և երկրորդ անգամ էլ կկարողանանք հաղթել։

Անդրադառնալով բանակում շարունակվող սպանություններին՝ Տեր–Թադևոսյանն ասել է, որ պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, բարեփոխումներ իրականացնել և շտկել իրավիճակը.

–Ցավոք, ձեռբերումները ծածկվում են բացասական երևույթներվ։

Միաժամանակ Կոմանդոսն ավելացրել է.

–Բայց դա արդարացում չէ: Բանակում պետք է փոխվի կարգը: Մենք մեր երեխաներին պետք է բանակ ճանապարհենք երաժշտությամբ: Բանակի կեսը երեխաներ են, որոնք այնտեղ պետք է առողջ լինեն և խելք հավաքեն։

Այս խորագրի վերջին նյութերը